14 August, 2015

ԻՄ ԱՍՏՂԸ

Գիշերային երկնքում հազարավոր աստղեր են փայլում, ասես աչքով են անում նայողին ու էլի հազար-հազարավոր աստղեր կամ թույլ նշմարվում, կամ երևում ու անհետանում են: Այդ հազարավոր աստղերի, այդ հազար-հազարավոր աստղերի մեջ մանկական հետաքրքրությամբ ես փնտրում եմ իմը, որ ծնվել է ինձ հետ, ապրելու է ինձ հետ և շողարձակվելով հեռանալու, վայր է ընկնելու այն ժամանակ, երբ ես հեռանամ այս աշխարհից...
Ահա այս մեկը. մերթ երևում, մերթ կորչում է տեսողությունից: Հիվանդ, վերջին շնչում ապրող մարդու աստղ է երևի և շուտով հանգչելու է իր տիրոջ հետ միասին: Այս մյուսը նույնպես թույլ է նշմարվում, անպայման ճակատագրով դատապարտված մեկի աստղն է...
Աստված իմ, ինչքան շատ և ինչքան տարբեր են այս աստղերը: Ահա այս մեկը, պայծառ փայլատակում է: Թերևս սա մեծ պաշտոնյայի կամ մեծ բախտի ու երջանկության տեր մարդու աստղ է:
Եվ այդ բազում աստղերի, այդ հազար-հազարավոր աստղերի մեջ փնտրում եմ իմը, ամենաշողշողունը հայտարարում եմ իմը, որոշում եմ նրա տեղն ու դիրքը մյուս աստղերի մեջ, որպեսզի ամեն անգամ նայելիս հեշտությամբ գտնեմ: Եվ հանկարծ, երբ ես սկսում եմ սիրել իմ աստղը, նա, երկար ու փայլուն մի հետագիծ թողնելով, գնում կորչում է հազարավոր, հազար-հազարավոր այդ աստղերի լաբիրինթոսում:
Ես տխրում եմ: Իմ աչքերում նույնիսկ արցունքներ են երևում: Գիշերն անքուն եմ անցկացնում: Ուրեմն դա իմ աստղը չէր, ուրեմն ես չեմ կարողանում ճանաչել և չգիտեմ` որ մեկն է իմը...
Այս վայր ընկնողը հավանաբար մեծահարուստ մարդու, թագավորի կամ նախարարի աստղ էր, որը հանկարծակի զրկվել էր փառահեղ կյանքից, երջանկությունից ու պաշտոնից...
Բայց ես ինչո՞ւ եմ տխրում: Չէ որ հավատում եմ իմ ճակատագրին, գիտեմ` հեռու-հեռավոր այս երկնակամարում կա, ապրում ու շարունակում է իմ բարի, իմ լույս-լուսավոր աստղը...

05 August, 2015

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԽԱԲԼՋՈԶՑԻ ՄԱՆՈՒԿԸ



Երկրորդ կիսամյակի քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո շտապում էի տուն: Շտապում էի ժամ առաջ ուրախացնել ծնողներիս, առավելապես հորս: Նա առանց ցույց տալու, կարծես անտարբեր, սակայն ուշադիր հետևում էր իմ ուսման ընթացքին: Սա իմ նախազգացումն էր, և չէի սխալվում դրանում: Հավատացած էի, որ ստացած յուրաքանչյուր ցածր գնահատականը կարող է խիստ անհանգստություն պատճառել նրան, չնայած նրա այն պնդմանը, որ բարձր գնահատականը ու բարձրագույն կրթությունը դեռևս շատ քիչ են իսկական մարդ դառնալու համար:
- Կարող ը համալսարան լը ավարտիս, պրոֆեսոր լը, մեծ գիտնական լը դառնաս, բայց իսկական մարդ չդառնաս,- ասում էր նա:
Ինձ անչափ զարմացնում էին հորս այս խոսքերը: Եթե մեկը հասել է պրոֆեսորի աստիճանի, այսինքն` գիտության բնագավառում նկատելի ներդրում է արել, նկատելի ծառայություններ ունի, անուն ունի, հարգանք ու պատիվ, ճանաչված է ամբողջ հանրապետությունում կամ գուցե ամբողջ երկրում ու աշխարհում, ուրեմն իսկական մարդ է, էլ մարդը քանի՞ տեսակ է լինում: Իմ պատկերացմամբ ամենաառաջնակարգը գիտության մարդիկ են` թեկնածուները, դոկտոր-պրոֆեսորները, ակադեմիկոսները...
Ես չգիտեի, թե ինչ նկատի ուներ հայրս: Նրա մտքերը խորն էին, շատ դեպքերում անհասանելի ոչ միայն ինձ, այլև իր հասակակիցներից շատերի համար: Այնուամենայնիվ, անտեսելով նրա դիտողությունները, շտապում էի իմ ստացած գնահատականներով ցրել նրա թերահավատությունը, համոզել հակառակը, ապացուցել, որ իսկական մարդ դառնալու ճանապարհին եմ կանգնած, թեև ներքուստ վախ էի զգում: Հեշտ չէր նրա հետ վիճաբանելը: Նա իր արտահայտած ամեն միտք, ամեն խոսք հաստատելու համար տասնյակ փաստարկներ ու ապացույցներ էր բերում:
Այդպես մտածում էի, հորս հետ երկխոսում մտքումս և գյուղի ծուռումուռ փողոցներով արագ քայլերով մոտենում էի մեր տանը: Դեռ հեռվից նոր թխած հացի անուշ բուրմունքը գրգռեց լավաշին կարոտած սոված ուսանողիս ախորժակը:
«Մայրս է հաց թխում»,- ասացի մտքումս ու ամուր հրեցի մեր դարպասի դուռը: Իսկապես, ալրոտ շորերով, բարկ թոնրի կողքը նստած, խմորի գնդիկները թևերին խաղացնելով, մայրս հաց էր թխում: Սպիտակ-փրփուր լավաշը փռված էր մի կողմ, կլորիկկարմրաթուշ բոքոնները` մյուս կողմը, և անմահական բուրմունք էին տարածում չորս բոլորը:
Փոքրիկ ճամպրուկս, որը լիքն էր գրքերով, գրառված դասախոսությունների տետրերով, մի կողմ դրեցի, մորս հետ ողջագուրվելուց ու ալրոտվելուց հետո մի տաք լավաշ վերցրի, մտա թոնրատուն, ուր սովորական մթերքներ էինք պահում, մի կտոր պանիր էլ վերցրի, փաթաթեցի լավաշով ու սկսեցի ախորժակով ուտել: Սոված ուսանողի և առողջ ստամոքսի համար ավելի համեղ բան կարելի՞ է գտնել...
- Կաթ լը գանը,- ասաց մայրս,- հլը տաք ը, գնա լից խմը...
- Կաթ լը հետո,- ասացի:
Ուտում էի հացն ու պանիրը, զրուցում մորս հետ, երբ նկատեցի այգումծիրանի ծառի հովանու տակ աշխատող հորս:
«Այս ժամին նա կոլտնտեսության խաղողի այգիներում պիտի լիներ,- մտածեցի,- հազար ու մի գործ կա, և ահա թողել, եկել է: Երևի նախագահը նոր հանձնարարություն է տվել, առավել անհետաձգելի, շտապ, թե` չէ...»
Արագորեն մի լավաշ վերցրի, պանիր ու գնացի դեպի նա«Թող չասի, թե շնորհք չունեմ...»
- Բարև, պա,- մոտենալով բարևեցի նրան,- արի, նոր թխած հաց կեր...
Հայրս, որ զբաղված էր ուռենու դալար շիվերից կողով գործելով, մի պահ դադարեցրեց աշխատանքը, նայեց ինձ ու հարցրեց.
- Էկա՞ր...
Այս հարցի մեջ կար իմ բարևի պատասխանը, և այն, թե ինչպես է իմ առողջությունը, և թե ինչպես եմ հանձնել առաջին կուրսի ավարտական քննությունները:
- Եկա,- ասացի` հասկացնելով, որ ամեն ինչ բարեհաջող է, որ մտորելու, անհանգստանալու հարկ չկա:
- Ըբը էկեր իս, մոտեցի քիչ մը, կողովի տակը կարինք, մինագ զոռ ը,- ասաց հստակ հումորով և հարցրեց,- քաղաք լը կողով կգործի՞ն...
Անպատասխան թողնելով նրա հարցումը` մոտեցա: Երկուսով սեղմեցինք կողովի տակը, որը անկյունաձև տեսք ստացավ, և հայրս ավելի հաստ ճյուղերով, որպեսզի ավելի ամուր ու դիմացկուն լինի, սկսեց «կարել» կողովի տակը:
- Իդը լը քզի կողով մը,- ասաց գործն ավարտելուց հետո, - է, քո խելոք գիտնականները մարդ սպանելու համար ամեն տեսակի զենք կսարքին, բայց զկողով ուր մեջքեն իջցելու մասին հեչ չըն մտածը...
- Ըբը ըդքան մեքենա ըր կշինին, ինչի՞ հըմար ը...
- Քու ասելով` նախագահը զիս զուր տեղ ը աշխատանքից կտրե, զուր տեղ ը կողով կգործըմ, հա՞: Ըդի մարդու մեջքի հըմար է: Հըլը գնը, գնը գոմեր քու աչքով կտեսնես, թե քանի մարդ ը կողով ուր շալակ կերթը ու գիկը,- ասաց, ձեռքերը սրբեց ծիրանենու լայն տերևներով, նստեց խաչաձև ոտքերով մեջը փոս քուրսու վրա և սկսեց դանդաղ ուտել իմ բերած հացն ու պանիրը:
Ես առարկելու ոչինչ չունեի, որովհետև շատ լավ գիտեի` գոմաղբը մեջքով են դուրս բերում, հարդը մեջքով, կողովներով էին կրում, տանում անասուններին, աթարը կողովներով էին տեղափոխում: Տնտեսությունը մեքենայացրած չէր, և կողովը մարդու ուժով փոխադրական միակ միջոցն էր կարճ տարածությունների համար: Եվ ահա «փոխադրական այդ միջոցի» սուր կարիքն էր զգացվել, և նախագահը իր հիմնական գործից հորս կտրել, ուղարկել էր կողով գործելու:
 Այս մտքերի հետ էի երբ.
- Դը պատմը, տեսնանք, բան մը սովրա՞ր, թը չէ,- կարճատև լռությունից հետո մտքերիս ուղղությունը փոխեց նա:
- Սովրը, էլի...
- Ի՞նչ սովրար...
- Հայոց  լեզուգրականությունռուսաց  լեզուգրականությունպատմություն, աշխարհագրություն,- իրար հետևից սկսեցի թվարկել մեր անցած առարկաները:
- Ըդոնք հեչ: Ըր տուն նստեր, չըր գռնե՞ սովրեր զըդ լեզուն ու գրականությունը:
- Կսովրենք...
- Էլ ի՞նչ են սովցրե...
Ես շարունակեցի թվարկել նոր առարկաների անունները, իսկ նա.
- Իսկական մարդ դառնալու համար ի՞նչ ին սովցրե...
Հորս այս հարցադրման մեջ իմ ստացած գիտելիքների նկատմամբ անբավարարվածության երանգ կար, դժգոհության շատ նրբին, հազիվ նկատելի երանգ:
- Համալսարան ավարտեցինքկդառնանք իսկական մարդ,- պատասխանեցի, նախազգալով, որ այս պատասխանը բոլորովին էլ նրա սրտովը չէր: Նախազգացումս իսկույն հաստատվեց:
- Ամեն մեկ չէըր համալսարան կավարտը ու մարդ կդառնը, - այս անգամ նրա դժգոհությունը ակնհայտ էր, անթաքույց:
- Ըբը՞...
- Հիմը ես հարց մը կիտամ. թը գըռցար գտար ինչն ը, կհավատամ, ըր բան մը սովրեր իս...
- Ըսը,- ասացի,- ընբես հարց էղնի, ըր մինագ դու չէ, ուրիշ մարդիկ լը իմանան ըդրա մասին:
- Մը վախցի, ընբես հարց կիտամ, ըր աշխարհքի կես գինը, թը կուզիս, էրեխիք լէ կարող է գինան,- ասաց, թեթևակի ժպտալով նայեց երեսիս ու առաջադրեց իր հարցը:
- Ըսը քզու հարց, տեսնամ` ըդ ի՞նչ հարց ը, ըր էրեխիք լը գինան...
- Գըռնաս ըսիս ամենեն անուշ հոտ ինչե՞ն գիկը, ու ընչի՞ ամեն մարդ զըդ հոտ նույն ուժով չառնը, մեկ ուժեղ գիկը, մեկ` թուլ...
Հարցը տարօրինակ էր: Բայց ի՞նչ կապ ուներ այդ հարցի պատասխանը իսկական մարդ դառնալու կամ չդառնալու հետ: Եթե հարցնողը հայրս էր, ուրեմն իմ մտահոգությունն ավելորդ էր: Նա այնպիսի կապ կգտներ, որ նույնիսկ զարմանք կպատճառեր: Հետաքրքրությունս, այնուամենայնիվ, չափազանց մեծ էր, և սկսեցի թվարկել ինձ ծանոթ և իմ կարդացած գրքերից սովորած զանազան ծաղիկների, վարդերի, թփերի, ծառերի անուններ: Հայրս ուշադիր լսում էր ինձ, գլուխն էր տարուբերում ի նշան անհամաձայնության և մեղմիվ ժպտում իմ այդքան անճարակության վրա:
Ես շարունակեցի այս անգամ մեր հանդերում աճող վայրի խոտաբույսերի անունները թվարկել, որոնք իսկապես անուշ բուրմունք էին արձակում: Տեսնելով նրա դեմքի արտահայտությունը, գլխի ընկա, որ այս նոր թվարկումներն էլ այն չեն, ինչին սպասում էր նա:
- Վայ թե քըզնից բացի ուրիշ մեկ լը չգինը,- մի քիչ բարկացկոտ ասացի ես:
Հայրս այս անգամ լիաթոք ծիծաղեց.
- Էլլի քու մորից հարցրու, տես գինը, թե չէ...
Կրկին խորասուզվեցի մտքերիս մեջ: Մինչ ես հիշողությունս էի քրքրում հարցի պատասխանը գտնելու համար, նա մի առակ պատմեց:
Մի նշանավոր գիտնական-աստղագետ երկնային աստղերը դիտարկելիս ընկնում է խոր փոսի մեջ: Նրան զգուշացնում են, որ երկինք նայելուց առաջ նայի իր ոտների տակ, նայի, թե իր շրջապատում ինչ կա չկա:
- Հիմը դու իս,- ասաց,- լեզու, գրականություն, պատմություն սովորելուց առաջ պտի տենաս ու սովրիս, թը ինչ կա քու ոտների տակ, քու շուրջ բոլոր...
Իսկ ի՞նչ կար իմ շուրջ բոլոր, իմ ոտների տակ, իմ գլխի վերև: Եվ պարտադի՞ր էր դրանք բոլորն էլ իմանալ, սովորել:
- Քու շրջապատում ու շուրջ բոլոր էղած ամեն մանրուքին լը հարկ ը, ըր լավ ծանոթ էղնիս,- կարծես կռահելով մտքումս եղած հարցը` պատասխանեց և ավելացրեց,- դու, ըր մոտկցար մեր տան, ի՞նչ հոտ առար...
- Հացի, նոր թխած հացի հոտ,- ասացի զարմացած, չհավատալով, որ տարօրինակ թվացող հարցը այդքան հեշտ պատասխան ուներ: Ինչպե՞ս հասարակ բանը իսկույն չեմ նկատել, գլխի չեմ ընկել կամ նկատել եմ ու անտեսել, բոլորովին ուշադրություն չեմ դարձրել, ինչպես  հաճախ պատահում է ոչ միայն ինձ, այլ շատ-շատերի հետ: Իսկապես որ, թխած հացը անմահական բուրմունք ունի, և այդ բուրմունքը չի կարելի շփոթել որևէ ծաղկի, վարդի կամ թփի բուրմունքի հետ: Երբ սոված ես, հացի բույրը զգում ես կրկնակի, եռակի ուժով, իսկ երբ կուշտ ես, հացն էլ քթիդ տակ, բույրը շատ թույլ ես զգում: Կյանքում այդպիսի բան շատ է պատահում: Պատահում է, որ գիտես և չգիտես, որ գիտես...
«Հիմա մայրս,- մտածեցի,- երևի հացի բույրը չի զգում, կամ չափազանց թույլ է զգում, որովհետև հաց է թխում, իսկ հորս պատասխանը կիմանա անպայման»:
- Հիմը հավատացի՞ր,- ասաց հայրս,- չէ` թը քու քթեն էն կողմ բան չըս տեսնը, քու քիթ մտած հոտի հանդեպ լը անուշադիր իս...
Ես հասկացա, ավելի շուտ զգացի, որ լեզու, գրականություն, պատմություն իմանալուց բացի մարդը պետք է լավ ծանոթ լինի իրեն շրջապատող առարկաներին, հիմնովին իմանա նրանց հատկանիշները, կարողանա տարբերել էականը երկրորդականից, կարողանա խելացի կերպով օգտվել դրանց բարիքներից և վնասակար հատկանիշներից: Չիմանալը, չսովորելը, ծանոթ չլինելը կարող է շատ ցավալի, շատ տխուր վերջաբանի հասցնել:
Մեզ շրջապատող աշխարհը, բնությունն ամբողջությամբ մեր ծննդավայրն են, մեր բնակավայրը, մեր տունը հայրական: Եվ մենք պարտավոր ենք այդ տան անցուդարձը, նրա բոլոր գաղտնիքները իմանալ, որովհետև մենք ենք նրա տերն ու կառավարիչը: Սակայն մեր բնակարանը անսահման է, անհատնելի, իսկ մեզ տրված ժամանակահատվածը` չափազանց կարճ: Մեզ մնում է միայն խելացի կերպով օգտվել նախորդ բոլոր սերունդների գործից ու փորձից, մեր ձեռք բերած փորձն ու գիտելիքները թողնել հաջորդ սերունդներին:
Սակայն սա դեռ բոլորը չէ իսկական մարդ դառնալու համար: Խիստ կարևոր են նաև մարդկային փոխհարաբերությունները, մարդկանց վերաբերմունքը միմյանց հանդեպ: Իսկական մարդը, նեղություն տալով իրեն, օգնում է թույլին, ընկածին, տկարին, ձեռք մեկնում նրան, ով այդ ձեռքի օգնության կարիքն ունի: Իսկական մարդը կարող է բարձրագույն կրթություն էլ չունենա: Մարդկությունը նրա մեջ է, նրա բնությունն է նրա բնավորությունը, էությունը, իսկ կրթությունը կարող է միայն հղկել, հարթել, ավելի հստակ ու գեղեցիկ դարձնել նրա արտահայտությունը:
Ահա այս էր ցանկանում հայրս, որ ուսուցանեին ուսանողներին բարձրագույն ուսումնական հաստատություններում, սովորեցնեին անցնելիք առարկաներին զուգահեռ: Ինչպիսին կլիներ այդ առարկայի անվանումը` գեղարվեստ, մարդ դառնալու արվեստ` կարևոր չէր:
Իսկ ինչպե՞ս էր տեսնում իր շրջապատը հայրս: Շատ եմ լսել, երբ նա հիվանդներին օգնելու համար բացատրում էր բույսի բուժական հատկությունները, օգտագործման ձևերը, թեև բժշկությամբ երբեք չէր պարապում:
Այն ժամանակ և այժմ էլ ինձ թվում է, որ նա ամեն հարցի պատասխանն ուներ: Պարզ և նույնիսկ ամպամած օրերին մոտիկ ճշտությամբ ասում էր ժամանակը, թեև երբեք ժամացույց չէր ունեցել: Աստղերին նայելով ոչ միայն ժամանակն էր ասում, այլև գուշակում հաջորդ օրվա եղանակը: Լուսնի և արեգակի շրջագծերը նրան շատ բան էին հուշում: Նայելով գիշերային երկնքին` նա տալիս էր աստղերի և համաստեղությունների իր անվանումները: Կարծես այս անսահման բնության մեջ գաղտնիք գոյություն չուներ: Եթե որևէ մեկի կողմից տրված հարցի պատասխանն էլ չիմանար, ապա հետաքրքրաշարժ մի պատմությամբ կամ սրամիտ մի խոսքով, մի առակով կարող էր բավարարել նրա հետաքրքրությունը:
Վերջացնելով հաց ուտելը` հայրս մեծ ծխախոտատուփից հանեց լավ մշակված և նրբորեն մանրացած ծխախոտը, լցրեց լրագրից կտրած թղթի մեջ, փաթաթեց մի հաստ գլանակ, վառեց, ծուխը առանց ներս տանելու բաց թողեց ու սկսեց պատմել իր հետ կատարված դեպքի մասին:
- Ամռան օր մը, շոգ կեսօրին,- սկսեց նա,- նստուկ ենք հոլիկի դռան մոտ, ուրագով խաղողի խշմարներն ը կարգի կբերենք (կոլտնտեսության խաղողի այգիների մեջտեղում` մի փոքրիկ բլրակի վրա հայրս հոլիկ էր կառուցել, ուր հավաքվում, հաց էին ուտումզրուցում կամ հանգստանում էին այգեգործները, պահակները), մեկ լը տեսնամ մարդ մը քաղաքավարի հագնված, բեռ ուր շալակ, բարակ ցիլինդր ուր գլուխ, ճոկան լէ ուր ձեռք, մոտեցավ ընձի, ըսեց.
- Բարև, հայրիկ...
Աշեցի, ըդ մարդ ըմ տարիքին ը, քաչալ կերևա, անկջի մոտի մազեր լը սպիտակ ին ու մե թավուր կերևա, ըսի.
- Բարով, լաո, Աստծու հազար բարին, բարով եկար...
- Լաոն ի՞նչ է,- հարցուց:
- Լաո, ըսինքն` որդի, զավակ...
- Ես քեզ ի՞նչ որդի,- ըսեց:
- Ըբը ես քզի ի՞նչ հայրիկ: -Հասկացավ, ծիծաղեց, ըսեց.
- Եղբայր պատվական, սոված եմ, մի բան կտա՞ս ուտելու...
- Կտամ,- ըսեցի,- բայց առաջ ու առաջ պտի իմանամ դու ով իս...
- Ես պրոֆեսոր ըմ,- ըսեց,- աստղագետ, աստղ է կփնտրիմ...
- Ըդ մըր չոլերու, քար ու քըռեկներու մեջ, ըդ օձ ու կարիճներու բներու մեջ,- ըսեցի,- աստղ ո՞վ է  կորցե, ըր դու լը կփնտրիս: Էլլի երկինք, ընտեղ աստղ շատ կա:
- Մեր նախնիներն են կորցրել,- ըսեց,- հին ժամանակ նշանավոր աստղագետներ շատ են եղել, նրանց հետքերն եմ փնտրում, նրանց թողած նշանները, քարերի վրա եղած գծագրերը: Ինչ մնում է երկնքի աստղերին, ամեն օր մեր գործն այդ է, աստղադիտարաններում հենց դրանով էլ զբաղված ենք:
«Լավ,- ըսի ըմ մտքի մեջ,- հիմը կտեսնանք, թը դու ինչ պրոֆեսոր իս»:
Անգամ լը նայեցի վըրեն, վըր ուր բերան, ըսեցի.
- Քու բեռի մեջ հաց լը կա, պանիր լը, ու դու անոթի կոլորտի՞ս: Կուզի՞ս ըսըմ, թը ընչի չես կերե զըդ հաց ու պանիր...
- Ասա,- ըսեց:
- Քու կնիկ,- ըսի,- բաժընվե, հեռցե է քուընդեն (քեզանից), ըդրը համար լը չըս գրցե կերե...
- Եղբայր պատվական,- ըսեց,- որտեղի՞ց իմացար, որ բեռիս մեջ հաց ու պանիր կա: Ինչպե՞ս կարողացար կռահել, որ կինս բաժանվել, հեռացել է ինձանից, և ի՞նչ կապ կա նրա թողնել հեռանալու և իմ հաց չուտելու մեջ...
- Քու նման մարդ, ըր ըդպես բեռով ճամպը կերթը ու գինը, ըր շատ պտի թափառի, շատ դես ու դեն ընկնի, անխոս, ուտելու բան կվերցու ուր հետ, ճի՞շտ է,- հարցի:
- Ճիշտ է,- ըսեց:
- Ու քու վերցած ուտելիք լը հաց ու պանիր պտի էղնի: Էս ամառվա կեսուն էլ ի՞նչ կըռնաս վերցիս քու հետ...
- Էդ էլ ճիշտ է,- ըսեց:
- Քու հաց ու պանիր լը փաթթուկ ին թերթի թղթի մեջ...
- Իրավացի ես,- ըսեց,- եղբայր պատվական...
- Դե լսը մինչև վերջ: Թերթի թղթի մեջ փաթթուկ հաց ու պանիր էս շոգին, երկնուց կրակ թափող արևին մե ժամ լը չեն դիմանա, կեղնին քարի կտոր, էլ չըն ուտվի...
- Ես մտածում էի, որ ջրի կհանդիպեմ, աղբյուրի: Մեր լեռներում աղբյուրներ շատ կան, անմահական ջրի աղբյուրներ...
- Անմահական աղբյուրնե՜ր: Ինչ լը էղնի ճամփա էլնելուց առաջ պտի մտածել ամենադժվարի մասին: Քանի ըր դու իս ըզ քու բեռ կապե, ըզ քու եղած ու չեղած դասավորե, ըզ քու հաց ու պանիր լը փաթթե, ըդի գըսը, ըր քու տուն կնիկ չեղե: Կնիկ, ըր էղներ, ընպես լավ կսարքեր, ընպես լավ կկապեր ըզ քու բեռ, ու դու լը ըդքան անոթի չըր մնե... Քու հագի շորեր լը կմատնին, ըր քու տուն կնիկ չկը: Քու շորերու վըրեն ահագին ժամանակ է հարդուկ չքսվե: Հին կեղտի հետքեր կան վըր քու ցիլինդրին լը, վըր քու շորերուն լըԷշ լը կհաստատը, ըր քու տուն համ կնիկ չկը, համ լը դու քիչ մը փնթի մարդ իս...
- Եղբայր պատվական,- ըսեց,- դու կենսագրությունս ինձանից ավելի լավ գիտես, դու շատ նրբանկատ մարդ ես, կատարյալ Շերլոկի Հոլմս...
- Շերլոկի Հոլմս վըվը՞,- հարցի
- Անգլիական գրականության մեջ հայտնի հետախույզ է: Մի անգամ հայացք  գցելով մարդուն` իսկույն որոշում է նրա մասնագիտությունը, որտեղացի լինելը, նույնիսկ տարիքը: Անհուսալի թվացող հանցագործություններ է բացահայտում, մի խոսքով` այդպիսի շատ մանրամասներ, մանրունքներ, որոնք նրա սուր աչքից երբեք չեն վրիպում...
- Լավ,- ըսի,- զըդ Շերլոկ թողինք մի կողմ, տեսնանք ինչով կերակրինք ըզ քզի, ինչ քու սրտով գեղնի: Սառ մածուն ունըմ, մե թաս, երկու գդալ, համաձայն ի՞ս իրար հետ բրդինք, իրար հետ ուտինք...
- Համաձայն եմ,- ըսեց:
Ըդ  մածուն լցի թասի մեջ: Երկուսով բրդեցինք, քիչ մը լը ջուր էվելցի վըրեն, խառնեցինք:
- Ջուր ինչո՞ւ լցրիր,- հարցրեց:
- Ջուր լցի, ըր համ մածուն քաղցրնա, շոգից կարող է թթվուկ էղնի, համ էլ բրդած հաց շուտ փափկի:
Իմալ կերևեր շատ անոթի էր, էլ բան չհարցուց, գդալ վերցեց, զարկեց մեջ ամնին, ըր տաներ ուր բերան, ըսի.
- Կաննի...
- Էլի ի՞նչ կա, եղբայր պատվական...
- Մոլլի պատմություն լսե՞ր իս...
- Մոլլան ո՞վ է...
- Մոլլա Մըսրըդին (Նասրեդին):
- Չէ,- ըսեց,- չեմ լսել:
- Դե ըզ քու գդալ ցած դիր: Մինչև չպատմիմ, չըս ուտը: Անգամ մը Մոլլան ու քու պես աստղագետ մը, իմալ հիմը ես ու դու, հաց կբրդին մեջ մածնին, կխառնին, ըր կըսկսին ուտիլ, Մոլլան չթողը...
- Ինչո՞ւ ...
- Գըսը դու ըզ քու բրդած պտի ուտիս, ես լը` զիմուն...
- Է, Մոլլա,- գըսե աստղագետ,- ես իմալ ջոկըմ զըմ բրդած ու ըզ քու բրդած: Էդպես բան չեղնի ու չեղնի:
- Դու, ըր զմեր բրդածներ չըս գըռնը ջոկի իրարից, բա զերկնուց անթիվ-անհամար աստղեր իմա՞լ  կջոկիս... 
- Հիմը մերն ը: Դու ըզ քու բրդած պտի ուտիս, ես էլ` զիմ:
- Այդպես ո՞նց կլինի...
- Թե պրոֆեսոր իս, պտի իմանաս...
- Չէ, չեմ կարող,- ըսեց:
- Դե լսե ու սովրի,- ըսեցի,- դու ընձի պտի ըսիս, ըր ես լը զըմ բրդած ուտըմ: Թը գըրցը ջոկեցի, զըտի (ուրեմնմնացած քունն է ու թե չգըրցը` ուզինք-չուզինք, իրար հետ պտի ուտինք: Սովրա՞ր, թե...
- Սովրա...
- Դե կեր,- ըսեցի:
- Մենա՞կ...  Բա դու սովա՞ծ պտի մնաս...
- Իմ մասին մը մտածը, ես զըմ գլխի ճար կտեսնամ:
Էլ բանի ուշ չդարձեց: Կերավ վռազ-վռազ, պրծավ, թաշկինակ հանեց ջեբեն, բերան սրբեց, ճակատի քրտինք լը մաքրեց:
- Էլ կուտի՞ս,- հարցի:
- Չէ,- ըսեց,- շատ շնորհակալ եմ: 
Ձեռք տարավ մեկել ջեբ, հանեց փարը, ըր իտեր ընձի, հըմը ըդ վախտ Խուգեն (Ղուկաս, իր աշխատանքային ընկերըմանգաղ ուր ձեռք, քրտնուկ, կաննավ ըդ տեղ:
- Մանուկ,- ըսեց,- խեր հենաս (տեսնես), ըդ ի՞նչ փարա ը:
- Ջուր կերածի հըխն (վարձ) ը գիդը,- ըսեցի:
- Միգը ու միգը էլլը զուր վիզ կփրցում (պոկեմ),- հերսոդավ Խուգեն, զմանգաղ քըշեց, եկավ դըպ պրոֆեսոր:
- Համբերը, Խուգե,- ըսեցի,- միգը հարց մը կիտամ ուրին, թը չկըրցավ գիտցավ, զըթի (ուրեմն) իրավունք ունիս զուր վիզ փրցելու, թը չէ, ազատ ը, թող էրթը հետ ուր ճամփուն...
- Ռազի (համաձայն) ըմ,- պատասխանեց Խուգեն:
Ես դարձը դըպ պրոֆեսոր.
- Կըռնա՞ս ըսիս,- հարցի,- զմածուն իմա՞լ ը կշինին...
- Կաթից են պատրաստում,- պատասխանեց:
- Ուղիղ ը, պրոֆեսոր, զմածուն կաթեն կշինեն, բայց իմա՞լ...
- Կաթը որոշակի աստիճանի տակ սառեցնում են, դառնում է մածուն...
Խուգեն պլշավ, նայեց, զգլուխ տարուբերեց, ելավ կաննավ, իրեք-չորս անգամ գնաց-եկավ, ըսիս կորցեր էր զուր տեղ, մոլրվել էր, ըսեց.
- Թող էրթը հըտ ուր ճամփուն, մարդ ձեռ չիդը ուրին...
- Էդպես լը պրոֆեսոր գնաց,- ավարտեց հայրս պրոֆեսոր-աստղագետի հետ կապված իր պատմությունը:
Սակայն այստեղ ես սկսեցի վիճաբանել հորս հետ:
- Որտեղի՞ց իսկապես իմացար, որ կինը լքել, հեռացել է նրանից: Գուցե նա հիվանդ է եղել, տկար, անուշադիր դեպի ամուսինը, գուցե...
Հայրս չթողեց, որ «գուցե»-ների թիվը շատացնեմ: Նա այնպես հիմնավորեց ասածները, որ ես չհամաձայնել չէի կարող: Իսկ իր ասածները արդեն հաստատել էր ինքը` պրոֆեսորը, որ «եղբայր պատվականը» պրոֆեսորի կենսագրությունը բոլորից լավ գիտե...
Ամենատարբեր մեկնաբանություններով ու բազմաթիվ տարբերակներով այս պատմությունը շատ անգամ էի լսել համագյուղացիներից, նույնիսկ այնպիսի մարդկանցից, որոնք հորս հետ բոլորովին էլ ծանոթ չէին: Պատմում էին ու ծիծաղում, թեև ծիծաղաշարժ շատ քիչ բան կար այստեղ: Ո՞րն է իրականությունը, ո՞րը հնարովին: Պատմողները զոռ էին տալիս իրենց երևակայությանը, իրենց պարտքն էին համարում ավելացնել մանրամասներ, որոնք չէին եղել և ճշմարտությանը բոլորովին չէին համապատասխանում:
Այժմ իմացա իսկությունը, և ինձ համար պարզ դարձավ, թե ինչու հայրս որոշ գիտնականների, առավելապես նրանց նկատմամբ, ովքեր պրոֆեսորի կոչում ունեինհարգալից վերաբերմունք չէր դրսևորում, նույնիսկ բացասաբար էր արտահայտվում, թեև շատ գիտնականների, որոնց մասին լսել էր և անուններն էլ լավ գիտեր, լավ էր արտահայտվում«իսկական մարդ, իսկական քաղաքացի» համարում նրանց:
Այս պրոֆեսորին նա անվանեց աննրբանկատ, օրինավոր մարդ լինելուց հեռու կանգնած մեկը և մեծամիտ: Առաջին երկու գնահատականները հասկանալի էին, իսկ ինչո՞ւ մեծամիտ, ինչպես անվանեց` քբար (գոռոզ): Դրան հետևյալ բացատրությունը տվեց: Աշնակի հանդերում ու դաշտերում, որ հսկայական տարածություն է գրավում, հազարավոր հեկտար քարաստանների մեջ փռված են անհամար քանակությամբ ավերակներ: Դրանք նախաքրիստոնեական ժամանակներում կառուցված բնակելի և ոչ միայն շենքերի ավերակներ են: Ինչո՞ւ են դրանք ավերակ դարձել: Պատերազմների հետևանք են, երկրաշարժերի, թե որպես բնակության համար անհարմար վայրի, դժվար է ասել: Մեկ-երկու տեղ թիթեղների վրա գրված, հազիվ կարդացվող և համարյա մոռացության մատնված հայտարարություններ են, որոնք հիշեցնում են, թե դրանք «պատմական հուշարձաններ են» և գտնվում են «պետական հսկողության ներքո»: Իրականում ոչ մի հսկողություն էլ չկա և ով ինչպես ուզենա, այնպես էլ կարող է վարվել դրանց հետ:
Գյուղի ամբողջ տարածքում չկար այնպիսի ավերակ, չկային այնպիսի ձորեր, քարեր, քարայրներ, որոնք ծանոթ չլինեին գյուղացիներին: Նրանք գիտեին, թե որ քարի վրա ինչ գիծ, ինչ նշան, զարդանախշ ու պատկեր կա քանդակված: Բացի այդ եղածները, ուշադրության արժանի ավերակները, վաղուց գրվել, չափագրվել, հաշվի են առնվել տարբեր գիտնականների կողմից: Նորը հայտնաբերելու հույսը միայն պեղումները կարող են տալ` հսկայական միջոցներ ու էներգիա ծախսելու գնով:
Պրոֆեսորն այդքան չարչարվելու փոխարեն կարող էր գյուղ մտնել, հարցնել, հետաքրքրվել: Գյուղացիները կարող էին նրան շատ բան հուշել, ցույց տալ այն տեղերը, ուր հնարավոր էր ինչ-որ բան ակնկալել: Մինչդեռ նա արհամարհել է գյուղացիներին` անվանելով նրանց գիտությունից, առավել ևս աստղագիտությունից հեռու կանգնած մարդիկ:
Ես մտորումների մեջ էի: Փնտրում էի այն սկիզբը, որտեղից կենդանի արարածը սկսում է մարդ դառնալ, իսկական մարդ և կյանքի այն հատվածը, որտեղից սկսում են կորչել մարդկային լավագույն հատկանիշները: Դժվար էր և՛մեկի, և՛մյուսի պատասխանը գտնել: Հետագայում այս ակնարկը գրելիս հիշեցի նաև, թե ինչպես մի ժամանակ հայրս համառորեն պահանջում էր, որ գտնեմ «Շերլոկի գիրքը» իր արտահայտությամբ և կարդամ: Սակայն իմ երկար փնտրտուքները արդյունք չտվեցին: Ռուսերեն հրատարակությունը գտա, իսկ հայրս այդ լեզուն չգիտեր, և հազիվ թե թարգմանությունը բավարարեր նրան: Հետագայում, երբ հայերեն հրատարակվեց «Նոթեր Շերլոկ Հոմսի մասին» գիրքը, շտապեցի բավարարել նրա ցանկությունը: Հայրս ուշադիր լսում էր և երբեմն-երբեմն գլուխը դրականորեն շարժում: Անգլիացի գրող Կոման Դոյլի այդ գիրքը լավագույնն էր իրեն ծանոթ գրքերից:
Մտքերիցս ինձ սթափեցրեց մորս կանչը.
- Էկեք տուն, հաց կերեք...
Անտեսելով այդ կանչը՝ հայրս մի նոր հարց առաջարկեց.
- Ի՞նչ ծաղիկ է, ըր ուր հոտ ամենեն հեռու կերթը...
Այս անգամ ժպտացի: Նա իսկույն գլխի ընկավ, որ պատասխանը գիտեմ: Ինքն էր ասել ինձ և այժմ կարծում էր, թե մոռացել եմ: Ոչ միայն ասել էր, այլև ես նույնպես առել էի հեռվից եկող այդ անուշ հոտը:
Լուսնյակ ու տաք գիշերներին նա հաճախ էր նստում հոլիկի մոտ ընկած մեծ քարին, շուրջ բոլորը հավաքում իր պահակ ընկերներին, խոսում էին հազար ու մի բանի մասին, հեքիաթներ պատմում, նայում էին Արարատյան դաշտավայրում փռված քաղաքների ու գյուղերի լույսերին և ըմբոշխում այնտեղից եկող փշատենու անուշ բույրը: Եվ, իսկապես, այդ անուշ ու անկրկնելի բուրմունքը, հավի թևին թառած, անցնում էր տասնյակ կիլոմետրեր, հասնում Արագածի հարավ-արևմտյան լանջին փռված շեները, մեծ բավականություն պարգևում մարդկանց: Ես այդպիսի ժամերին հաճախ էի լինում նրանց մոտ, լսում զանազան պատմություններ, զանազան ենթադրություններ ու եզրակացություններ ամենաբազմազան հարցերի վերաբերյալ: Ավելի շատ նրանց խոսակցությունը գնում էր Սասնա բնակչության տեղահանության, նշանավոր մարդկանց, նշանավոր ֆիդայիների` Անդրանիկի, Գևորգ Չաուշի, Աղբյուր Սերոբի, Սոսեի և նրանց զինակիցների մասին:
Ես ափսոսում եմ, որ հորս պատմածներից շատ քիչ բան է մնացել հիշողությանս մեջ: Ափսոսում եմ այնպես, ինչպես մեկին տված լինեն թանկարժեք մի իր, իսկ նա անփութորեն մի կողմ է նետել այդ իրը և հետագայում դառնորեն զղջացել դրա համար:
Սասնո աշխարհի իսկական հանրագիտարան էր հայրս: Շատ փաստեր, տեղեկություններ, երևույթներ, պատկերներ ու պատմություններ, որոնք այսօր հաճախ վիճաբանությունների, իրարամերժ խոսակցությունների առարկա են դառնում, կարող էի գրի առնել, կարող էի, բայց այն ժամանակ «խելքս չկտրեց»:

***

Ավարտեցի համալսարանը, անցա աշխատանքի, սակայն այնպես էլ չիմացադարձել եմ «իսկական մարդ», այնպիսին, ինչպիսին ակնկալում էր հայրս, ինչպիսին կար նրա պատկերացումներում, ինչպիսին ինքն էր ըմբռնում: Հայրս, համենայն դեպս, ոչինչ չասաց: Հավանաբար այն չէի դարձել, ինչ ինքն էր ցանկանում տեսնել:
Այժմ, երբ նա չկա, ես հաճախ եմ հիշում նրա հարցերը և զարմանքով նկատում, որ հացի բուրմունքը կորցրել է իր ուժը, համարյա չի զգացվում կամ նախկին գրավչությունը չունի: Նույնը նաև փշատենու բուրմունքի հետ է պատահել. ոչ միայն Արարատյան դաշտից Արագածի փեշերը չի հասնում, այլ հազիվ իր շուրջն է տարածվում, ինչպես սովորական ծաղիկներինը:
Չգիտեմ՝ օդի բաղադրությունն է փոխվել, նրա աղտոտվածությունը մեծացել, խտացել, թե «Մեծ քիմիան» վերոհիշյալ պրոֆեսորի նման մեկի ձեռքով իր սև գործն է կատարել...
Այս հարցին երևի հայրս պատասխան գտներ: