10 August, 2026

Պերճ Թովմասյանի ծննդյան 100-ամյակը

Այս տարի լրացավ հայ գրող, հրապարակախոս, մտավորական, «Հրազդան» թերթի երկար տարիների գլխավոր խմբագիր Պերճ Մանուկի Թովմասյանի ծննդյան 100-ամյակը։

Իր նախկին գործընկեր Արևիկ Մարգարյանի նախաձեռնությամբ 2026 թ․-ի օգոստոսի 8-ին Հրազդան քաղաքի Կոտայքի մարզային գրադարանում կազմակերպվեց «Երնեկ նրան, ով մարդ կգա ու մարդ կերթա անարատ» խորագրով ցերեկույթ՝ նվիրված Պերճ Թովմասյանի գրական գործունեությանը։ Միջոցառմանը ներկա էին գրողի հարազատները, երբեմնի «Հրազդան» թերթի խմբագրության աշխատակիցները և Հրազդան քաղաքի մտավորականները։

Միջոցառման շրջանակներում Արևիկ Մարգարյանը ներկայացրեց մանրամասներ Պերճ Թովմասյան մարդու, գրողի ու խմբագրի կյանքի անցած ուղու, կենսագրության և գրական ժառանգության վերաբերյալ։ Հրազդանի մանկապատանեկան կենտրոնի «Մենք» ասմունքի սաները ընթերցեցին հատվածներ «Սասունից մինչև Արցախ» գրքից։ Այնուհետև մասնակիցները Պերճ Թովմասյանի մասին հետաքրքրական հուշեր պատմեցին։ 

Միջոցառումը եզրափակեց գրողի եղբոր՝ Աշոտ Թովմասյանի թոռնուհին՝ Գայանե Թովմասյանը, որը հանդես եկավ երախտագիտության խոսքով և Կոտայքի մարզային գրադարանին նվիրեց Թովմասյան գերդաստանի հեղինակած գրքերից։

Այս օրը միայն հոբելյանական տարեթիվ չէ։ Այն հիշողության, երախտագիտության և արժևորման օր է։ Օր, երբ մենք վերադառնում ենք մեր գրական ու ազգային հիշողությանը, վերագտնում ենք այն մարդկանց, որոնք իրենց կյանքով և ստեղծագործությամբ հարստացրել են մեր մշակույթը, պահպանել են մեր ժողովրդի պատմական հիշողությունը և իրենց խոսքի միջոցով փոխանցել սերունդներին հայրենասիրության, բարության ու մարդասիրության գաղափարները։

Պերճ Թովմասյանի գրական աշխարհը բազմաշերտ է։ Նրա ստեղծագործությունների էջերում մենք հանդիպում ենք մարդկային սիրո ու մորմոքի, հայրենիքի հանդեպ անսահման նվիրումի, պատմական հիշողության և ազգային արժանապատվության թեմաներին։ «Սեր և մորմոք» փաստավավերագրական վիպակի և «Մեծ մարդը» պատմվածքների ժողովածուի հերոսները Սասուն-Մուշ աշխարհի գաղթյալ ժողովրդի զավակներն են՝ իրենց առաքինի սովորույթներով, նիստուկացով, հայրենասիրական կորովով։ «Սասունից մինչև Արցախ» ժողովածուի մեջ տեղ են գտել Արցախյան առաջին հերոսամարտին նվիրված, մինչ այդ չտպագրված վերլուծական հոդվածներ, որոնցում ուշադրությունը սևեռված է հայոց հավաքական ուժի և քաջորդիների անձնազոհության վրա։ Դրանք չեն կորցրել իրենց ազգասիրական նշանակությունը և պատմական դասերը։ Սույն գիրքը նշված հատվածի մարդկանց հաջորդ սերունդների ճակատագրերի շղթայի ընդգրկումն է՝ Սասուն-Հայրենական Մեծ պատերազմ-Արցախ գոյամարտով։

Պերճ Թովմասյանի մանկությունն անցել է հայրենի Աշնակ գյուղում, որը բնակեցված էր Արևմտյան Հայաստանից տեղահանված գաղթականներով։ Նրա հայրը Խաբլջոզի Մանուկն էր, Զորավար Անդրանիկի ջոկատի տասնապետ Չոլոյի զինվորը, որն իր աչքերով տեսել էր Հայոց ցեղասպանությունը, կորցրել էր ընտանիքը և բռնելով գաղթի ճամփան՝ եկել հաստատվել էր Թալինի շրջանի Աշնակ գյուղում՝ հույսով, որ մի օր սահմանները կբացվեն և կկարողանա հետ վերադառնալ Սասուն։ Սասունի ճամփան հավերժ փակված տեսնելով՝ Մանուկը որոշել է նոր ընտանիք կազմել, ամուսնացել է և ունեցել 3 որդի։ Ավագ որդին՝ Պերճը, դեռ փոքր հասակից լսել է հոր և համագյուղացիների պատմությունները Էրգրի մասին, ինչը խոր ազդեցություն է ունեցել ոչ միայն իր հետագա գրական, գեղարվեստական ստեղծագործությունների վրա, այլև ձևավորել է նրա հայրենասիրական արժեքները, աշխարհաճանաչողությունը և կենսափիլիսոփայությունը։

Հատկապես կարևոր է, որ նա իր գրականությամբ պահպանեց Սասունի, Մուշի և Արևմտյան Հայաստանի մեր հայրենակիցների հիշողությունները։ Նա գրեց նրանց մասին ոչ միայն որպես պատմական փաստերի կրողների, այլ որպես կենդանի մարդկանց՝ իրենց ցավով, կարոտով, պայքարով և արժանապատվությամբ։ Նրա ստեղծագործություններում մենք տեսնում ենք նաև Արցախյան հերոսամարտի ոգին, մեր ժողովրդի ազատասիրությունը և իր հայրենի հողը պաշտպանելու վճռականությունը։

Պերճ Թովմասյանի «Իմ աստղը» ստեղծագործության մեջ հնչող այս խոսքերը այսօր առանձնահատուկ խորհուրդ ունեն մեզ համար. «Բայց ես ինչո՞ւ եմ տխրում։ Չէ որ հավատում եմ իմ ճակատագրին, գիտեմ՝ հեռու-հեռավոր այս երկնակամարում կա, ապրում ու շարունակում է իմ բարի, իմ լույս-լուսավոր աստղը…»։ Այս տողերը կարծես արտահայտում են հենց նրա հոգևոր աշխարհը՝ հավատը, լույսը և այն անսպառ հույսը, որով նա ապրեց ու ստեղծագործեց։ Նա գրում է իր աստղի մասին՝ այն լույսի, որն ուղեկցում է մարդուն կյանքի ճանապարհին, ուժ տալիս հավատալու իր ճակատագրին։ 

Այսօր կարող ենք վստահ ասել, որ նրա «աստղը» շարունակում է փայլել։ Այն այլևս միայն նրա անձնական աստղը չէ. այն դարձել է նրա ընթերցողների, նրա հարազատների և բոլոր նրանց աստղը, ովքեր սիրում ու գնահատում են նրա գրական ժառանգությունը։

Պերճ Թովմասյանը հավատում էր, որ յուրաքանչյուր մարդ ունի իր ճանապարհը, իր ուղին։ Նրա կյանքը իր այդ ճանապարհն էր՝ դժվարություններով, փորձություններով, բայց նաև ստեղծագործական մեծ նվիրումով ու հավատով, ինչը նկարագրել է «Իմ ուղին» պատմվածքում՝ «Ահա այսպես՝ քարեր փշրելով, ծեծելով ու ծեծվելով, դարուփոս հարթելով քրտինք թափեցի անքանակ, փուշ ու մացառ տրորելով արյունոտեցի ձեռք ու ոտք և արդեն մոտեցել եմ իմ ճանապարհի վերջնագծին։ Հետ եմ նայում անցած այդ ուղուս, նայում եմ ու չեմ ափսոսում, որ այդպես եմ քայլել։ Իմ կորցրածը ոչինչ է եղել, իմ շահածը՝ մարդկային հպարտություն, մարդկային արժանապատվություն։ Դրանով միայն հարուստ եմ եղել, դրանով միայն՝ հպարտ․․․»։ 

Եվ այսօր, երբ մենք նշում ենք նրա ծննդյան 100-ամյակը,  դա արդեն իսկ վկայում է, որ այդ դժվարություններով անցած ուղին ապարդյուն չէր․ Պերճ Թովմասյանի ընտրած ճանապարհը ճիշտ էր, որովհետև այն առաջնորդեց նրան դեպի ամենամեծ արժեքը՝ մարդկային հարգանք, ստեղծագործական անմահություն և սերունդների հիշողության մեջ մնալու իրավունք։ Ինչպես նշել են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Կիրակոսյանը, արձակագիր, հրապարակախոս, լրագրող Հրաչյա Մաթևոսյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերժ Սրապիոնյանը՝ Պերճ Թովմասյանը ստեղծել է կորած կարոտների ու սիրո սրտառուչ մի այնպիսի գրականություն, որն իր մնայուն տեղն է ապահովել Խաչիկ Դաշտենցի, Մուշեղ Գալշոյանի, Գևորգ Հակոբյանի ստեղծագործությունների կողքին։ 

Պերճ Թովմասյանն իր անմիջական, անկեղծ, օբյեկտիվ ու անաչառ բնավորությամբ, մարդկանց ուշադիր լսելու և նրանց հուզող հարցերին հնարավորության սահմաններում աջակցելու շնորհիվ վայելում էր Հրազդանի շրջանի բնակչության սերն ու հարգանքը, հետևաբար՝ պատիվ բերում Աշնակ գյուղին։

Պերճ Թովմասյանը Մեծ մարդ էր՝ իր մարդկային նկարագրով, իր ազնվությամբ, իր սկզբունքայնությամբ և մարդկանց հանդեպ ունեցած սիրով։ Նրանք, ովքեր նրան ճանաչել են, հիշում են նրա համեստությունը, ջերմությունը, բարությունը և հայրենիքի նկատմամբ ունեցած անսահման նվիրվածությունը։ Այդպիսի մարդիկ են դառնում ժամանակի իրական արժեքները, որովհետև նրանց կյանքը օրինակ է ոչ միայն իրենց ժամանակակիցների, այլև ապագա սերունդների համար։

Պերճ Թովմասյանը մահացել է 1999թ․ և թաղված է հայրենի Աշնակ գյուղում՝ ծնողների և եղբայրների կողքին։

Այսօրվա միջոցառումը վկայում է, որ Պերճ Թովմասյանի խոսքը չի լռել, նրա ստեղծագործությունները չեն մոռացվել, և նրա հիշատակը շարունակում է ապրել մեր սրտերում։

Թող Պերճ Մանուկի Թովմասյանի հիշատակը հավերժ վառ մնա մեր ժողովրդի հիշողության մեջ։ Թող նրա գրական ժառանգությունը շարունակի ոգեշնչել նոր սերունդներին՝ սիրելու հայրենիքը, պահպանելու պատմությունը, արժևորելու մարդկային բարությունը և երբեք չկորցնելու հավատը սեփական ժողովրդի ուժի հանդեպ։

Այսօր, երբ նրա անունը կրկին հնչում է այս դահլիճում, մենք հասկանում ենք, որ իսկական գրողի կյանքը չի ավարտվում նրա հեռանալով․ այն շարունակում է ապրել նրա գրքերի, նրա գաղափարների և նրան սիրող մարդկանց միջոցով։




















No comments:

Post a Comment