ՊԵՐՃ ՄԱՆՈՒԿԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
(1926-1999)
Ծնվել է Թալինի շրջանի Աշնակ գյուղում:
Միջնակարգն ավարտել է հայրենի գյուղում:
Երկրորդ աշխարհամարտի մասնակից է:
Ավարտելով Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ աշխատել է Հեռուստառադիոպետկոմում, ապա քսան տարի գլխավորել է Հրազդանի շրջանային թերթի խմբագրությունը:
Եղել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ:
Բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների, ակնարկների հեղինակ է, որոնք լույս են տեսել հանրապետության և միութենական մամուլում:
Հետմահու լույս են ընծայվել «Սեր և մորմոք» փաստավավերագրական վիպակը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներից մի զույգի ինքնամոռաց սիրո հուզիչ պատմությանը և «Մեծ մարդը» պատմվածքների ժողովածուն՝ նվիրված Սասուն-Մուշ աշխարհի տեղահանված մարդկանց և նրանց ժառանգներին, որոնք շարունակում են պահպանել այդ հերոսական ժողովրդի սովորույթներն ու նիստուկացը:
2012 թ. լույս տեսած «Սասունից մինչև Արցախ» գիրքը ներառում է Պերճ Թովմասյանի նախկինում տպագրված «Մեծ մարդը» պատմվածքների շարքը, «Սեր և մորմոք» պատմական վիպակը, Արցախյան հերոսամարտին նվիրված, մինչ այժմ չտպագրված մի շարք վերլուծական հոդվածներ, որոնցում ուշադրությունը սևեռված է հայոց հավաքական ուժի ու քաջորդիների անձնազոհության վրա: Գրքում տեղ են գտել նաև նախկին գրքերի գրական և պատմական արժանիքների վերաբերյալ գրախոսականները՝ հեղինակավոր անձանց կողմից:
«Սասունից մինչև Արցախ» գրքի երկրորդ՝ վերամշակված և լրացված հրատարակությունը (2015) նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պերճ Թովմասյանի ժառանգների կողմից այն ներկայացվում է որպես պահանջատիրական հայտ Եղեռնի հետևանքով մարդկային, տարածքային, նյութական ու հոգևոր ծանր կորուստների փոխհատուցման համար:
No comments:
Post a Comment