25 May, 2015

ՈՐԻ՞Ն, ՄԱ...



- Ահա կրակը և փայտը, բայց ո՞ւր է ողջակեզի ծառը,- հարցրեց Իսահակը: 
- Աստված կտեսնի իր ծառը ողջակեզի համար,- պատասխանեց Աբրահամը:

Աստվածաշունչ

Գյուղը կիսող անհարթ ու քարքարոտ ճանապարհով դանդաղ, ազնվատոհմիկ քայլ-կեցվածքով, հայկական ավանդական գլխակապով մի կին էր անցնում: Գլխահակ ու մտածկոտ քայլում էր նա ու թվում էր, թե անտարբեր է դեպի շրջապատը, անուշադիր է դեպի անցնող ու դարձող համագյուղացիները: Իրականում նրա սրատես հայացքից ոչինչ չէր վրիպում, ոչ մեկը չէր վրիպում:
Տղամարդիկ, նույնիսկ ամենատարեցները, մեծագույն հարգանքով գլուխ էին խոնարհում, բարևում ու անցնում (եթե ինքը չէր կանգնեցնում, խոսեցնում), կանայք սրբազան ջերմությամբ էին մոտենում նրան, իսկ փոքրիկ երեխաների համար նա անպայման կոնֆետ, չիր ու չամիչ կամ մի հատիկ փշատ ուներ պահած: Նրա գոգնոցի լայն գրպանի տարողությունը թվում էր անհատնելի: Մինչև օրս էլ ես չեմ կարողանում գլխի ընկնել, թե պատերազմական տարիների ծանր պայմաններում, երբ մարդիկ կիսաքաղց, շատ ժամանակ սոված, մի կտոր սև հացի կարոտ, որտեղից էր նրա գրպանը անպակաս լինում չոր մրգերով, քաղցրավենիքով:
Մարդկանց դեպի իրեն գրավելու արտակարգ հմայք, նրանց հետ խոսելու և խոսեցնելու զարմանալի շնորհ ու կարողություն ուներ նա: Ոչ միայն լացող երեխայի, այլև լացող մայրերի, լացող կանանց ձայնն էր կտրում: Նրա խոսքը անսահման ներգործուն ուժ ուներ, նրա ձայնն ախորժալուր թափանցում էր մինչև խոսակցի հոգու խորքը, հույս տալիս վհատվածին, ոտքի կանգնեցնում ընկածին, խրախուսում, հավատ ու հույս ներշնչում: Նրանից բաժանվում էին չոր աչքերով, երախտագիտությամբ, թեթևացած սրտով, ասես ծանր բեռը թոթափած:

 ***

Գուցե ամառային ոչ մի առավոտ այդքան մռայլ չէր բացվել այս տան, այս գյուղի և լայնածավալ աշխարհի վրա: Արեգակը կարծես կորցրել էր իր ջերմությունն այդ առավոտ և միայն սառնություն էր սփռում շուրջբոլորը: Պատերազմ տեսած մարդկանց հոնքերը հարցական վեր էին բարձրացրել և այդպես էլ կախված մնացել: Նոր ցեղասպանությա՞ն, նոր սպանդի ու արյա՞ն ականատես պիտի լինի մեծագույն ոճիրներից դեռևս ուշքի չեկած, հազար տեղից բզկտված ու քրքրված այս ժողովուրդը: Կատարած ո՞ր մեղքի, ո՞ր հանցանքի համար արցունքն ու արյունը պիտի դառնան նրա հավերժական ուղեկիցը:
Այդ նույն առավոտյան էլ զինվորական ծառայության տարան գյուղի ջահելներին, նորապսակներին, առաջին անգամ հայր դառնալու երջանիկ սպասելիքներով երիտասարդներին: Տարան խումբ-խումբ, հետո միևնույն թվի ծնվածներին, հետո` երկու-երկու, մեկ-մեկ...
Կանանց ու մայրերի անեծքը կայծակեց դեպի երկինք, և կապույտ երկինքը արյուն ու աղի արտասուք թափեց ցած: Ժպիտն ու ծիծաղը թռան մարդկանց աչքերից` տեղը թողնելով սպասում և սարսափ:
Օրեր հետո փշրվեց նաև թաքուն այն հույսը, թե հանկարծակի սկսված պատերազմը կարող է կարճ ժամանակում նույնքան հանկարծակի ավարտվել, ինչպես փոթորիկն է հայտնվում ու կորչում:
Ոտքից վիրավոր, հենակավոր առաջին զինվորը գյուղում հայտնվեց այլմոլորակայինի նման: Նրա վրա թափվեցին դեզ-դեզ հարցերը, նրանից փորձեցին իմանալ պատերազմի մասին ողջ ճշմարտությունը:
Շուտով եկավ նաև սպիտակ գույնի «Սև թուղթը», սևացրեց մարդկանց սրտերը և վառոդահոտը տարածվեց շրջակայքով մեկ: Դաժան, անողոք, անմեկնելի ճակատագիրը շանթում էր աջ ու ձախ, առանց իմանալու, առանց խղճալու որևէ մեկին: Կորել էր հույսը, հարազատներին ողջ-առողջ տեսնելու երազանքը` փշրվել: Անցնում էին օրերը ծանր, հոգեմաշ, ճնշող: Մարդիկ սարսափով էին սպասում ամեն լուսաբացի, ամեն լուսաբաց սարսափով մթնեցնում:

 *** 

Գյուղը կիսող անհարթ ու քարքարոտ ճանապարհով դանդաղ, ազնվատոհմիկ կնոջը վայել քայլ-կեցվածքով, հայկական ավանդական գլխակապով տարեց մի կին էր իջնում դեպի ներքև, գնում էր հարազատներին, մոտիկ մարդկանց հանդիպելու: 
Այսպես դանդաղաքայլ առաջանալով` նա համագյուղացիներից հետաքրքրվում էր զինվորական ծառայության մեջ գտնվող նրանց հարազատների մասին, նրանց աշխատանքի, ապրելակերպի մասին: Այնուհետև նա գործնական խորհուրդներով, մի քաղցր խոսքով, օրհնանքով մեղմում էր նրանց սրտի տագնապը:
Այսպես շարունակելով ճանապարհը` նա, ի վերջո, հասնում էր ամենաներքևում գտնվող եղբոր տունը: Ա՜յ թե ուրախություն, ա՜յ թե հրճվանք էր մեզ` երեխաներիս համար:
Գիտեինք, որ այդ օրը մեր տանն է գիշերելու, և գիտեինք, որ անպայման մեր բաժին կոնֆետն ու չամիչը կստանանք: Այդպես էր նրա անխախտ սովորությունը: Մի օր մնում էր եղբոր տանը, օգնում էր ամեն գործում: Հաջորդ օրը նա եկած ճանապարհով հետ էր դառնում, հասնում ավագ որդու` Արմենակի տուն, հետո մյուս որդու` Իսրայելի, ապա Մարիամ դստեր տունը: Այստեղ արդեն հավաքվում էին բոլոր հարազատները, բարեկամները, և զրույցներն ու պատմությունները անպակաս էին լինում: Այստեղ եմ ես լսել նշանավոր սասունցիների, քաջազուն ֆիդայիների, նրանց հերոսական գործերի ու սխրանքների մասին, ոգևորվել եմ ու հպարտացել: Սակայն ցավ ի սրտի ոչ ոգևորությունն եմ կարողացել արտահայտել, ոչ էլ հպարտությունս ցուցադրել: Հայ ազատագրական պայքարի հերոսների անունները արտասանվում էին նեղ շրջանակներում, նրանց գործերի ու սխրանքների մասին պատմվում էր շատ քիչ մարդկանց ներկայությամբ: Այդպես էին պահանջում ժամանակները: Խոստովանեմ, որ այստեղ առաջին անգամ սրտի ցավով լսել եմ քննադատական խոսք Ստալինի հասցեին: Եվ, ի ուրախություն ինձ, մեր հարազատների ու բարեկամների մեջ չգտնվեց մեկը, որ մեծ առաջնորդի մասին ասված խոսքերը դուրս տաներ:
Մարիամ դստեր բնակարանում երկու օր մնալուց հետո նա, ի վերջո, հասնում էր գյուղի ամենավերևի մասում գտնվող իր բնակարանը, ուր ապրում էր դեռևս չամուսնացած երկու կրտսեր զավակների` Անդրանիկի և Մխիթարի հետ:
Հիմա նա մենակ էր, առանց որդիների: Չորսն էլ բանակում էին, ռազմի դաշտում, իսկ լուրերը հակասական էին, իրարամերժ, ուրախալի ոչինչ չխոսող: Տագնապած էր ամբողջ աշխարհը: Թշնամին ավելի ու ավելի էր խորանում երկրի սահմաններից ներս, գրավում քաղաքներ, գյուղեր: Օրական հազարներ էին ընկնում, հազարներ կորչում անհետ, անհիշատակ, արյունը հոսում էր ելման գետի նման, իսկ վերջն ու վախճանը չէին երևում: Մնացել էր միայն բարակած հույսը, որին մարդիկ ապավինում էին, ինչպես ջրում խեղդվողը` փրփուրին: Միայնակ այս կինը, սակայն, այնքան էլ հեշտությամբ նահանջողներից չէր: Ճակատագրի իրեն բաժին հանած ծանր հարվածները նա ետ էր մղում սուսերամարտի հմուտ վարպետի նման: Այդ օրերին նա հանգիստ չուներ, դադար չուներ: Մեկը մյուսի հետևից ծանրոցներ էր պատրաստում, ուղարկում առանց հասցեի, առանց իմանալու, թե ում է բաժին դառնալու: Անքուն գիշերներ էր անցկացնում, մոմաթելեր պատրաստում, դարձնում գեղեցիկ հյուսկեն և ուղարկում` դարձյալ առանց հասցեի:
«Վիր ըր բաժին ընկնի, գիշեր թըղ մթան մեջ չմնա...»,- ասում էր նա:
Ու կռվում էր նա պատերազմի դեմ, կռվում էր յուրովի, համառ, պարտություն չսիրող զինվորի նման մինչև վերջ, մինչև վերջնական հաղթանակ:
Սակայն... Սակայն ինչքա՞ն կարելի էր դիմանալ այդքան մեծ լարվածության, ինչքա՞ն կարելի էր պրկել մկանները, համբերությունը, լարել կամքը, որպեսզի վերջին սահմանին հասնելով չխզվեին դրանք, ինչքա՞ն կարելի էր ապավինել փրփուրի օգնությանը: Եվ հասունանում էր մի անսովոր, խորությամբ անհասանելի, շրջագիծ ու սահման չունեցող միտք: Միտք, որը կարող էր հղանալ միայն արիությունից անպակաս, ընտանիքին ու զավակներին անմնացորդ նվիրված, անձնազոհության միշտ պատրաստ մարդու գլխում: Իսկ նրա արիությանը ոչ մեկը կասկածել չէր կարող: Գաղթի ահավոր տարիներին երեք մանկահասակ երեխաների հետ, առանց օգնող ձեռքի (ամուսինը հեռու էր), կարողացավ հաղթահարել արյունոտ ճամփաները, կարողացավ հաղթահարել հազար վտանգ ու փորձություն, հազար տառապանք ու զրկանք և հասնել փրկության ափը:
Այս դեպքում նրան հարկավոր էր միայն վճռական առաջին քայլը: Իսկ նա վճռական էր առավել, քան մեկ ուրիշը: Հսկա մի գերդաստան էր ղեկավարում, և նրա խոսքը անառարկելի էր: Հսկա այդ գերդաստանի բոլոր անձինք` ամուսնու եղբայրները, նրանց կանայք ու երեխաները, թոռները հլու-հնազանդ էին նրա անաչառ պահանջներին: Իսկ ա՞յժմ: Թերևս առաջին անգամ իր կյանքում հապաղում էր կատարել վճռական այդ քայլը: Ծանր էր իր համար, մահու չափ ծանր, բայց որ մտքում դրել էր, պետք է իրականացներ այդ մտադրությունը:
Գյուղը կիսող անհարթ ու քարքարոտ ճանապարհով, դանդաղ, ազնվատոհմիկ կնոջը վայել քայլ-կեցվածքով, հայկական ավանդական գլխակապով տարեց մի կին էր անցնում: Հասնելով աղջկա բնակարանին` այս անգամ նա չշարունակեց իր ճանապարհը: Ներս մտավ և, առաջին հայացքից չնկատելով աղջկան, ձայնեց.
- Մարիա՜մ...
- Ի՞նչ է, մա,- լսվեց պատասխանը:
- Մարիամ, լաո, էլլի,- մեծագույն ճիգով հաղթահարելով հուզումը ասաց նա:
- Ո՞ւր, մա,- մոր անսովոր ձայնը զարմացրեց նրան: Ի՞նչ էր պատահել, ո՞ւր էր տանում նրան մայրը:
- Արի ըմ հետ,- ասաց ու, առանց սպասելու պատասխանի, դուրս եկավ տանից:
Մարիամ դուստրը լուռ ու հնազանդ քայլեց նրա կողքով, չիմանալով, թե ուր է գնում մայրը: Կասկածները նրան ինչ-որ վախ էին ներշնչում: Քայլեցին նրանք շատ քիչ, երկու-երեք հարյուր մետր, մոտեցան անդնդախոր ձորի պռնկին կանգնած հինավուրց վանքին: Կիսավեր վանքը առանց գմբեթի էր, կառուցման թվականը` անհայտ: Կոպտատաշ քարերով շարված պատերին չկային ոչ արձանագրություն, ոչ էլ գիր ու հիշատակարան: Բազալտե քարերի վրա երևում էին միայն մուրճի հետքեր: Արևմտյան կողմի պատի մեջ ավելի ուշ ժամանակներում դրված կարմիր տուֆից պատրաստված խաչքարն էր հիշեցնում, որ այն քրիստոնեական կառույց է:
Հնագույն պատմության մեջ Աշնակ անունը հիշատակվում է մի քանի անգամ, բայց ահա վանքի շինարարության, նրա անվան, կառույցի ու կառուցողի մասին ոչ մի հիշատակություն: Վանքը հավանաբար հեթանոսական շինություն է եղել, հետագայում վերափոխվել և դարձել քրիստոնեական սրբատուն:
Խորհրդային տարիներին վանքը միանգամայն աչքաթող էր արված: Ներսը կիսախավար էր, անհրապույր, հատակը` փոշեպատ, պատերն` անսվաղ, հավանաբար ուժեղ ցնցումներից ճաքած, քարերը` սևացած:
Մայր ու դուստր երկյուղածորեն ներս մտան անհրապույր այդ շինությունը: Մայրը առաջացավ, ծնկեց այրված մոմերից սևացած մեծ քարի առջև և սկսեց աղոթել: Մարիամ դուստրը ուշադիր հետևում էր մոր շարժումներին` աշխատելով կռահել նրա աղոթք-խոսքերի իմաստը:
Հուսահատ պահերին, մանավանդ պատերազմական այդ օրերին շատերն էին մտնում վանք, մոմ վառում, արցունք թափում, աղոթում ու խնդիրք հղում առ Աստված հանուն իրենց զավակների ու այրերի, հանուն իրենց հարազատների փրկության: Աստծուն ուղղված նրանց աղոթքները ինչ-որ չափով հույս էին, ինչ-որ չափով վատ նախազգացումների մոռացում:
Մարիամն այս անգամ հավատացած էր, որ մոր այստեղ գալու նպատակը այլ է: Էլի դեպքեր են եղել, որ մայրն աղոթել է իր զավակների փրկության համար, սակայն նրան այս անգամվա նման հուզված չէր տեսել: Ավարտելով աղոթքը` նա գոգնոցի գրպանից հանեց սպիտակ թղթի մեջ փաթաթված չորս մոմ, խնամքով ամրացրեց սրբազան քարին, վառեց մոմերն ու սկսեց խաչակնքել: Երեք անգամ խաչակնքելուց հետո նա մոմերից մեկը հանգցրեց ու ոտքի կանգնեց:
Մարիամը մոր աղոթքի վերջին բառերը չլսեց, նույնիսկ չնկատեց էլ, թե ինչպես հանգցրեց մոմերից մեկը: Նրա աչքերից արցունքի կաթիլները, հատիկ-հատիկ այտերն ի վար գլորվելով, թափվում էին հատակին:
Մայրը իր զավակներից մեկին, հանուն մյուսների փրկության, մատաղ էր խոստացել Աստծուն: 
Երբ նրանք փոքր-ինչ հեռացել էին հնամենի վանքի տարածքից, դուստրը, որի աչքերից դեռ շարունակվում էին արցունքի կաթիլներ թափվել, դիմեց մորը.
- Ո՞ր մեկին մատաղ խոստացար, մա...
- Անուն չըմ տվե, լաո: Չորս լը ընձի մեկին: Աստված ընձնե էլ խելոք ը, ուր խելքով լը թըղ տանը... 
Այնուհետև լուռ, յուրաքանչյուրը իր մտքերի հետ, քայլեցին դեպի տուն: Դստերը հայտնի էր, որ մայրը շատ անգամ, բազմազան առիթներով մատաղ է խոստացել, և նրա խնդրանքը երբեք չի մերժվել, Աստված միշտ ընդառաջել է նրան, կատարել նրա ցանկությունը: Այժմ նա արդեն այն հաստատ համոզման էր, որ իր եղբայրներից մեկը այլևս չի վերադառնա: Նա, որպես Աստծուն խոստացած ողջակեզ, պիտի ընկնի մարտի դաշտում, հարազատների կարոտը սրտում:
Ո՞ր մեկը...

***

Պատերազմը վաղուց է ավարտվել: Խաղաղություն է աշխարհում` այնքան երանելի, երազած խաղաղություն: Թեթևացել են մարդկանց հոգսերը, թեև առանց ցավի ու ցնցումի ընտանիք չի մնացել, առանց արցունքի մայր, կին, երեխա չեն մնացել: Շատ հայրեր են ընկել ահեղ մարտերում, շատ զավակներ անհետ կորել կամ վերադարձել հաշմված: Պատերազմը նոր փորձություն էր հազար անգամ արյան ծովում փորձված ժողովրդի գլխին: Սակայն, ինչ էլ լինի, ժամանակը կանգ չի առնում: Ժամանակը մեղմացնում է ամենադառն ցավերը, սպիացնում ծանր վերքերը: Գնացածները հուշ են դառնում ապրողների սրտերում, շատերը որպես հիշատակ թողնելով միայն անձնական մի իր, մի լուսանկար:
Հիմա բիբլիական Մարիամ անունով դստեր սենյակի պատին բիբլիական Եվա անունով մոր լուսանկարն է ավանդական գլխակապով, քաղցր, ասես միշտ հույս ու հավատ ներշնչող հայացքով: Նրա կողքին Երևանի ֆինանսական տեխնիկումի շրջանավարտ, պատանեկան անմեղ դեմքով Անդրանիկ եղբայրը, որն այդպես էլ չհասցրեց գոնե մեկ օր աշխատել ստացած մասնագիտությամբ:
Մայր ու որդի իրար կողքի են, այնքան հարազատ, այնքան մտերմիկ, իրար նկատմամբ անսահման կարոտով լցված: Նրանք հաշտ են, ինչպես միշտ, առավել սիրով, քան երբեք: Նույնիսկ թվում է, թե նրանք զրուցում են անցած-գնացած օրերից: Մայրը պատմում է իր ապրումների մասին, այն մասին, թե քանի՜-քանի անգամ է տեսնել նրան քնած պահին` իր երազներում և արթուն ժամանակ` իր երազանքներում:
- Ես ըմ զավակների հետ եմ եղել տարին բոլոր, ձմռան ցրտին, ամռան շոգին, քամուն ու անձրևին...
- Մա,- ասում է Անդրանիկ որդին,- ես քու խոստացած մատաղացուն եմ: Ես էլ իմ մտքում ուզեցել եմ, որ զոհվեմ, ու իմ եղբայրները պարզ ճակատով տուն դառնան...
- Աստված ըզքզի ջոկեց, տարավ, լաո...
- Աստված ըր չջոկեր, էլի իմ պարտքն էր նրանց համար մատաղ դառնալ...
- Ապրես, լաո: Հալալ է քու կերած կաթ, իմ սիրտ լը հանգիստ է, որ քու պես զավակ ըմ մեծցե: Անմեղ գացիր, լաո, խռոված չմացիր, քու հոգին մաքուր մնաց, ու Աստված լը զըդ հոգին դրախտի բաժին դարձրեց: Մինակ շատ ցավ ը, լաո, որ քու գերեզման չկը, ու չընկ գինը, որ մի աշխարքի, որ մի երկրի ու ինչ հողի մեջ է կհանգչի քու անուշ մարմին: Գոնե բուռ մը հող լցնենք քու գերեզմանին, կաթիլ մը արցունք թափենք վըր ըդ հողին: Դու մեր բոլորի սրտի մեջ իս, քու բոլոր հարազատների սրտի մեջ, քու հոգին մեր հոգում է, ու կապրի անմեռ քանի դեռ մեզնից մեկ կա էս աշխարքի վրեն...
Եվ երկնային իրենց բարձունքից մայր ու որդի լուսավոր, պայծառ հայացքով, անխռով հոգով նայում են իրենց հարազատներին, մայրը` իր որդիներին, թոռներին ու ծոռներին, որդին` իր եղբայրներին, նրանց զավակներին ու թոռներին, որոնք անսահման սիրո, նվիրվածության և մեծ զոհողության ծնունդ են միայն...

No comments:

Post a Comment