05 May, 2015

ԻՄ ՈՒՂԻՆ


Երբ առաջին քայլերն էի կատարում կյանք մտնելու ճանապարհին, իմ դեմ քարեղեն մի պատնեշ կանգնեց` ամուր, անխորտակ: Ես հուսահատ կանգնել, ելք էի փնտրում:
-Շրջանցիր,- լսեցի այս ու այն կողմից,- այդպես երկար կլինի, սակայն հանգիստ, առանց գլխացավանքի:
-Ոչ,- ասացի,- ես պիտի փշրեմ այս ժայռը, այս քարեղեն պատնեշը և անպայման ուղիղ պիտի գնամ:
-Խենթ է, խելքն ու խրատը, նույնիսկ մարդկանց տարիների փորձը օգուտ չեն բերի նման կամակորներին,- ասացին ու հեռացան:
Իսկ ես համառորեն կռվեցի արգելակող պատնեշի դեմ, փշրեցի քարերը, քանդեցի պարիսպը: Արյունոտվեցին ձեռքերս, փոշի ու արցունք կուլ տվեցի, քրտնած, հոգնած ու դադրած հարթեցի իմ ճանապարհի առաջին հատվածը, կատարեցի առաջին քայլերը:
-Համառն է,- ասացին,- անկոտրում, աննահանջ: Բայց փորձանք կբերի մի օր իր գլխին:
-Փորձանքի մասին կարելի է մտածել, բայց վախենալ դրանից` երբեք: Կռվի ելած մարդու համար վախկոտությունը պարտություն է,- ասացի ու շարունակեցի ինձ բաժին ընկած ճանապարհը: Քայլեցի ուղիղ, վստահ, անվարան, քայլեցի աննահանջ: Եվ ահա մի հսկա փոս: Ի՞նչ անել:
-Ոտնահետքեր կան, դրանցով իջիր և բարձրացիր դրանցով,- դարձյալ խորհուրդ տվեցին ինձ:
-Ուրիշի ոտնահետքերն ինձ համար չեն: Իմ ճանապարհի տերը ես եմ,- ասացի ու գործի անցա: Աշխատեցի անդադրում, առանց հանգստի, առանց ավելորդ խոսակցությունների ունկն դնելու: Լցրեցի փոսը, հարթեցի ճանապարհս ու առաջ քայլեցի:
Շատերը չհավատացին իրենց աչքերին, իրենց տեսածին ու լսածին:
-Դրսից օգնություն ստացած կլինի: Մի մարդու գործ չէ, մի տարվա գործ չէ, առանց օգնական մեծ ուժի հնարավոր չէ,- ասացին:
-Թող խոսեն,- ասացի,- ով ինչպես կարող է, ով ինչքան կարող է, ով որտեղ կարող է:
Ու քայլեցի առաջ: Գնացի այնպես, ինչպես սկսել էի:
-Մեր օրերում դա անհավատալի է, անհնար, անհասկանալի,- ասում էին:
Իսկ ինձ համար ահա մի նոր փորձություն: Փշերն ու մացառները դժվարացրին իմ ուղին, նույնիսկ անհնար դարձրին իմ ընթացքը:
-Կռացիր,- ասացին,- կամ սողալով գնա, այլապես կխճճվես, կկորչես այս անանցանելի փշերի ու մացառների մեջ: Քեզ նման շատերն են համառել ու զղջացել:
-Թեկուզ զղջամ,- ասացի,- թեկուզ խճճվեմ ու կորչեմ, միևնույն է, վիզ չեմ ծռի, գլուխս չեմ խոնարհի, չեմ կռանա ու սողալով չեմ գնա...
-Հպա՜րտ է,- ասացին,- ինքնասե՜ր, հավատը` ամո՜ւր, հույսը` անսպա՜ռ...
Ահա այսպես` քարեր փշրելով, ծեծելով ու ծեծկվելով, դարուփոս հարթելով քրտինք թափեցի անքանակ, փուշ ու մացառ տրորելով արյունոտեցի ձեռք ու ոտք և արդեն մոտեցել եմ իմ ճանապարհի վերջնագծին:
Հետ եմ նայում անցած այդ ուղուս, նայում եմ ու չեմ ափսոսում, որ այդպես եմ քայլել: Իմ կորցրածը ոչինչ է եղել, իմ շահածը` մարդկային հպարտություն, մարդկային արժանապատվություն:
Դրանով միայն հարո՜ւստ եմ եղել, դրանով միայն` հպա՜րտ...

No comments:

Post a Comment