- Քանց սար մը, գլորվելով գիկը: Էրեխե՜ք, փախեք, քընի ձզի հում-հում չկերե,- աղմուկ-աղաղակ բարձրացնելով` տարեց այդ մարդը դիմում էր սուտ փախուստի այն ժամանակ, երբ փողոցում հայտնվում էր տարիքով իրենից մի քիչ մեծ համագյուղացիներից մեկը` Նադիր անունով, որը արտաքուստ աժդահա մարդու տեսք ուներ:
Գիտենալով, որ նա շատ բռնկվող բնավորություն ունի, կատակասերը առիթը չէր փախցնում և, ամեն անգամ հանդիպելիս մի նոր կատակով զայրացնում էր նրան: Սիրում էր կատակել իր հասակակիցների հետ, մեկին մի նոր անուն կպցնել, մյուսի տնազն անել, երրորդին ծաղրել ու փախուստի դիմել:
Անդրանիկ զորավարի զինվորն էր եղել նա, անցել բազում փորձությունների միջով, տեսել հազար մահ ու ավեր, սակայն բնական կենսասիրությունն ու ուրախ բնավորությունը չէին փոխվել: Ամենածանր իրադրության ժամանակ էլ նա կարողանում էր փոխել մարդկանց վերաբերմունքը և դա անում էր այնպիսի վարպետությամբ, որ նեղացողներ համարյա չէին լինում:
Իսկական հողագործ մարդ էր: Վարի, ցանքի, գյուղին ու գյուղացուն հատուկ աշխատանքների իսկական գիտակ: Աշխատանքի պահին սիրում էր ոգևորել եզներին, «մատաղ էղնըմ», «ղուրբան էղնըմ» արտահայտություններով և այլ բացականչություններով այն տպավորությունն էր ստեղծում, որ կարծես եզները իր հարազատ զավակների չափ հարազատ ու մոտ էին:
Աշխատանքից ազատ պահերին դուրս էր գալիս գյուղամեջ, ու սկսվում էին նրա կատակները: Ինչպիսի կյանք է ունեցել անցյալում, ինչ դժվարություններ ու նեղություններ է հաղթահարել, հայտնի էին միայն իրեն և շատ մոտիկ մարդկանց:
Անդրանիկի զինվորը լինելով` չէր սիրում գլուխ գովել, չէր սիրում հորինել ու պատմել: Իսկ պատմությունը, որը ինչ-որ չափով բնութագրում է նրան, ես լսել եմ դեպքին ականատես մեկից: Իսկ ականատես պատմողին ես հավատում եմ անվերապահորեն, առանց դույզն-ինչ կասկածելու ճշմարտությանը:
***
Մեծն զորավարը կամավորական իր գնդի հսկողությամբ դեպի փրկության եզրն էր առաջնորդում մի ստվար խումբ հայ գաղթականների: Տեղահանված, սովի ու դաժան ճակատագրի դատապարտված մարդկանց շարունակում էին հետապնդել արյունից և սպանություններից անհագուրդ թուրքական ավազակները: Սակայն Անդրանիկ անունը բավական էր սանձ դնելու նրանց մոլագար ձգտումներին:
Գաղթական բազմությունը օրեր անց հանգրվանեց Նախիջևան քաղաքում:
Նախիջևան: Ջրհեղեղից հետո մարդկությանը հայտնի առաջին բնակավայրն է, որ կառուցել է Նոյ Նահապետը Արարատի գագաթից իջնելուց հետո: Նախ Իջևան: Առաջին իջևանատեղը: Կառուցել է Բիբլիական նահապետը 3669 թվականին մեր թվարկությունից առաջ, երբ արդեն վեց հարյուր մեկ տարեկան էր:
Մ.թ.ա. 3-2-րդ դարերում Նախիջևանը հայկական Մուրացյան բարձրագահ տոհմի կալվածքն էր հանդիսանում: Մեր թվարկության 4-րդ դարում վաճառաշահ և խոշոր քաղաք էր` բազմահազար հայ և հրեա բնակչությամբ:
13-րդ դարի Եվրոպայի ուղեգիր Ռոբրուքը գրում է, որ 10-11-րդ դարերում քաղաքն ուներ 80-ից ավելի եկեղեցիներ: Դրանց մեծ մասը կործանվեց սելջուկյան արշավանքների ժամանակ, թուրք հրոսակների կողմից: Առաջին թուրք բնակիչները այստեղ հաստատվել են 11-րդ դարի 60-ական թվականներին:
«Հաց կա՞, Նախիջևանում վաճառքի համար»:
Առաջին հարցը, որ հետաքրքրեց փոքրիշատե գնողունակ գաղթականներին, այս էր: Գաղթականները դեռ չէին հասցրել «տեղավորվել» ինչպես հարկն է, դեռ չէին հասցրել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը իմանալ, պատասխանը եկավ ինքն իրեն: Քաղաքի փոքրիկ հրապարակում բացվեց աղքատիկ մթերքների շուկան: Նախօրոք իմանալով գաղթականների այստեղ հայտնվելը, գյուղացիները վաճառքի համար զանազան մթերքներ էին բերել` բարակ կլորիկ բոքոններ, պանիր, մածուն, կարագ, բազմատեսակ մրգեր ու բանջարեղեն: Եկել էին նաև քաղաքի վաճառականները, բերել էին կենցաղային օգտագործման բազմազան իրեր և մթերքներ: Հանպատրաստից ստեղծված շուկան արդեն մարդաշատ էր: Յուրաքանչյուրը յուրովի որակն ու թարմությունն էր գովում: Մարդկանց և վաճառքի հանված իրերի արանքում վխտում էին գաղթականների բոկոտն ու սովալլուկ երեխաները:
Շուտով այդ բազմության մեջ հայտնվեց գաղթական ջահել մի կին` փոքրիկ երեխան գրկին, ավելի մեծի ձեռքից բռնած: Կինը իսկույն գրավեց թուրք հացավաճառի ուշադրությունը:
- Մա, փշուր մը հաց,- աղերսագին խնդրում էր երեխան` արցունքոտ աչքերը հառելով մոր երեսին: Թուրքը, որը խուրջինի երկու կողմն էլ լիքը լցրած բոքոններ էր բերել վաճառելու, այլևս կասկած չուներ, որ լավ որս է ընկնելու ձեռքը: Եվ չսխալվեց: Միջնորդ թարգմանչի օգնությամբ երկար բանակցեցին նրանք: Մեկին երեխաների լացի ձայնն էր խեղդում, մյուսին` առավել մեծ շահ ստանալու ագահությունը: Առևտրի ականատեսներից ոմանք ամոթանքի խոսքեր ասացին հացավաճառին, սակայն վերջինս համառորեն չէր հրաժարվում իր պահանջից: Շուկայում ուրիշ հացավաճառ չկար, իսկ կինը ծանր իրադրության մեջ երկու փոքրիկ երեխաների արցունքը պիտի սրբեր:
Ի վերջո առևտուրն ավարտվեց նրանով, որ հացավաճառ թուրքը կարողացավ խլել խեղճ կնոջ ոսկեմարգարտազարդ մատանին, որը անհետ կորած ամուսնու միակ հիշատակն էր` փոխարենը տալով երկու փոքրիկ բոքոն:
Հանուն իր փոքրիկների փրկության կինը ուրիշ միջոց ու հնարավորություն չուներ և բոքոնները ձեռքին, արցունքոտ աչքերով հեռացավ խիղճն ու ազնվությունը բոլորովին կորցրած թուրք վաճառականից:
Միջադեպը այդպես էլ կարող էր ավարտվել, եթե գաղթականների ու առևտրականների այս մեծ բազմության մեջ չհայտնվեր զորավար Անդրանիկի զինվորներից մեկը: Ինչ-որ մեկը նրան պատմեց եղելությունը: Զինվորը, որ բնականից ուրախ բնավորություն ուներ, սիրում էր կատակել ընկերների, նույնիսկ գաղթականների հետ, նրանց հույս ու համբերություն ներշնչել, լսելով այս պատմությունը, զայրույթի մի ահավոր բռնկում ունեցավ:
Շուտով նրան ցույց տվեցին թուրք հացավաճառին, որը ժպիտը դեմքին զրուցում էր ծանոթներից մեկի հետ, ասես իր հաջող առևտրի մասին էր պատմում նրան:
- Դո՞ւ իս երկու բոքոնով մատնիք խլե գաղթական կնոջից,- առանց զայրույթը թաքցնելու հարցրեց զինվորը:
Ժպիտը միանգամից թռավ հացավաճառի երեսից: Ամենայն հավանականությամբ ոչինչ չհասկանալով, բայց վատթարագույնը նախազգալով` նա գլուխը անորոշ տարուբերեց:
- Կուզիս ըսիս, թը բան չըս հըսկընը, հա՞,- և անկարող լինելով զայրույթը պահել` խզակոթի երկու հարվածով ցած գլորեց նրան իր կոճղաթոռից և խուրջինի մեջ եղած հացերը հանելով, բարձր ձայնով կանչեց.
- Ճժե՜ր, եկեք հաց իդամ ձզի...
Թափառական, սովալլուկ երեխաների խումբը իսկույն շրջապատեց նրան:
- Իդը ձզի,- կիսելով հացը տվեց երկուսին,- իդը լը ձզի, իդը լը ձզի...
Կարճ միջոցում բաժանելով հացը` զինվորը պատրաստվում էր հեռանալ, երբ հայտնվեց Անդրանիկը` հետն ունենալով թուրք հացավաճառին:
Իրադրությանը ներկա գտնվող գաղթականները հասկացան, որ հացավաճառը բողոքել էր և զինվորին ծանր պատիժ էր սպասում:
Բոլորին էր հայտնի զորավարի անաչառ բնավորությունը, անկողմնակալ վերաբերմունքը: Գիտեին նրանք, որ անօրինակ գործարք կատարողը, անազնիվը, մեղավորը երբեք չեն ազատվի նրա արդարացի պատժից` լինի նա հայ, թուրք, քուրդ, լինի նա մոտիկ անձնավորություն կամ անծանոթի մեկը:
- Ափսոսը ըդ զինվոր,- ասացին ոմանք:
- Կները, բան չըսը- ավելացրին մյուսները:
- Լավ ծեծ գիդը զինվորին,- իրենց կարծիքը հայտնեցին ավելի գիտակները:
- Անդրանիկ զինվոր չծեծը,- լսվեց ի պատասխան վերջին միտքն արտահայտողներին:
Եվ ահա ներկաները անհամբեր, սպասողական դրության մեջ են: Գաղթականները խղճում են զինվորին, ծանոթները հուզված են մեծապես, մյուսները զուտ հետաքրքրասիրությամբ հետևում են, թե ինչպես է ավարտվելու զորավարի և զինվորի սպասվելիք բախումը:
- Ո՞վ է հացը խլել թուրք վաճառականից,- զայրացած հարցնում է զորավարը:
- Ես ըմ,- առանց վախի փոքր նշույլ իսկ ցույց տալու առաջ է գալիս զինվորը:
- Որտեղի՞ց ես,- նման դեպքերում միշտ որտեղացի լինելն իմանալու սովորության համաձայն հարցնում է զորավարը:
- Սասունցի ըմ, Սասնո Փիրշենք գեղից...
Սասունը զորավար Անդրանիկի համար սրբավայր էր, սասունցին` նրա մարտական ընկերն ու բարեկամը: Սասնո լեռներում էր նա հասունացել, առնականացել, ֆիդայիների հետ սկսել իր անհավասար կռիվները նենգ ու անպատկառ թշնամու դեմ: Սասունցի մարդը, թեկուզ հասարակ գյուղացի, ռանչպար, հովիվ ու պատշար, մեծ հարգանք էին ներշնչել նրան: Եվ այժմ պատժել սասունցուն չափազանց ծանր էր նրա համար, չափազանց տհաճ պարտականություն: Իսկ թուրք խաղաղ բնակչությանը, առանձնապես կանանց, երեխաներին ու ծերերին ձեռ չտալը, նեղություն չպատճառելու նրա պահանջը մնում էր ուժի մեջ: Այդ հարցում նա առավել հետևողական էր ու անզիջում:
- Անունդ ի՞նչ է...
- Ըմ անուն Մանուկ ը, ընձի Առքոյի Մանուկ կըսին...
- Ասա ինձ, Առքոյի Մանուկ, ո՞ր իրավունքով ես խլել թուրքի հացը և հետաքրքիր է, թե ուր ես տարել, ում ես տվել, ինչ ես արել: Մոռացե՞լ ես իմ պահանջը` թալանով չզբաղվել, նեղություն խտալ խաղաղ բնակիչներին: Ի՞նչ է, Անդրանիկի պահանջը, հրամանը արժեք չունեն քեզ համար, քո նմանների համար...
- Ի՞նչ թալան, ի՞նչ բան,- զարմացած պատասխանում է Առքոյի Մանուկը,- ես ըդպես բան չըմ էնե, փաշա, հավատա ընձի...
- Ինչպե՞ս թե` չես թալանել, թուրքի հացը դու չե՞ս խլել...
- Հացը ես ըմ խլե, փաշա, բաժնել ըմ ճժերին, բայց հավատա, փաշա, հացի գինը վճարուկ է ու բան մը լը ավելին...
- Ո՞վ է վճարել, ասա ինձ, Առքոյի Մանուկ, ինչքա՞ն են վճարել, ինչո՞վ են վճարել, եթե վճարված է, ինչո՞ւ է թուրքը բողոքում,- հարցեր տալով, զորավարը կարծես աստիճանաբար փոխվում էր, նրա զայրույթն ու մռայլությունը կարծես կամաց-կամաց մեղմանում էին:
- Վճարուկ ը, փաշա, վճարուկ ը ոսկով, թանկարժեք քարով: Զըն կնկան կտենա՞ս,- մատնացույց անելով քիչ հեռու կանգնած գաղթական կնոջը, որի գրկին կիսամերկ երեխա էր, մոտը կանգնածը` քիչ ավելի մեծը,- էրեխեքի հագին կարգին փոթ լը չկը,- ավելացրեց նա,- ըդ կնիկ զուր նշանդրեքի մատնիք տվե, փոխարեն թուրք ուրուն երկու պզդի բոքոն ը տվե: Ըսը ընձի փաշա, ինչքա՞ն հաց արժը էդ ոսկե մատնիք...
Զորավար Անդրանիկը ուշադին նայում էր զինվորին: Եթե նա ճիշտ է խոսում, եթե նրա ասածները ճշմարիտ են, և, ինչպես երևում է նրա վստահ պատասխաններից, որ ամենևին էլ սուտ խոսող մարդու պատասխաններ չեն, ուրեմն զինվորը այնքան էլ մեծ մեղք չի գործել: Այնուամենայնիվ լրիվ համոզվելու համար նա շուռ եկավ դեպի թուրք հացավաճառը` հարցնելու, ստուգելու զինվորի իրավացի լինելը, բայց թուրքն արդեն չքացել էր: Նա իսկույն զգացել էր իրադրության կտրուկ փոփոխությւոնը, զգացել էր, որ զորավարի զայրույթը գնալով նվազում է, սուսուփուս հեռացել էր` նախքան իրեն կհարցնեին եղելությունը, կստուգեին զինվորի պատասխանների, նրա ասածների ճշտությունը:
Զորավարը բավարարված էր: Մի ներքին ուրախություն էր ապրում նա` ուրախություն այն բանի համար, որ զինվորը, հայ մարդը, որին անվերապահորեն հավատում էր նա, չի տրորել, չի ոտնահարել իր մարդկային, հետևապես և ազգային արժանապատվությունը: Նա գիտեր, որ հայ զինվորը թշնամու դեմ կանգնում է իսկական տղամարդու նման և երբեք նենգորեն չի հարվածում նրան ոչ քնած ժամանակ, ոչ էլ արթուն: Այդ բանում նա համոզվել էր երկար տարիներ ապրելով Սասնո լեռնաշխարհում, ապրելով ժողովրդի մեջ, ֆիդայիների մեջ, ղեկավարելով նրանց արդարացի հուզումները, նրանց արդարացի պայքարը:
Հպարտության, բավարարվածության այդ զգացումով էլ նա հեռացավ բազմությունից` հավանություն տվող մի հայացք գցելով Առքոյի Մանուկի վրա:
Հավաքված գաղթական բազմությունը թեթևացած շունչ քաշեց:
- Երկար ապրի զորավարը,- ասացին ոմանք:
- Երկար ապրի նրա զինվորը,- ավելացրին ուրիշները:
- Եվ Աստված օգնական մեր ժողովրդին, անհայր, անմայր մնացած այս սովալլուկ, բոկոտն երեխաներին...
No comments:
Post a Comment