23 July, 2015

ԻՄ ԵՐԱԶՆԵՐԸ


Իմ երազները հեքիաթային են, ծիածանի նման բազմագույն ու շքեղ: Հրեշտակի թևերով ճախրում եմ անհուն տարածություններով, մերթ բարձրանում եմ վե՜ր, վե՜ր, մերթ իջնում խորախոր անդունդները, անցնում եմ հայրենի լեռների, ձորերի ու անտառների վրայով, անցնում եմ սահուն ու թեթև, սավառնում եմ հզոր, հպարտ ու անվախ: Ես կենդանություն եմ պարգևում մեր ավեր քաղաքներին ու շեներին, մեր վանքերին ու պալատներին: Նրանք կրկին հառնում են հանճարեղ իրենց վեհությամբ, լուսածին փայլով ու գրավչությամբ: Ես շունչ եմ տալիս կրակված դաշտերին, անտեր մնացած արտերին ու այգիներին: Ծաղիկները բացվում են գույն-գույն, թռչունները դայլայլում, ճռվողում են քաղցր ձայնով: Բնությունը հարություն է առնում, շնչում ու շարժվում է իմ հրամանով: Բնության վաղնջական տերը նորից իր գործին է` ստեղծագործ իր աշխատանքով տարված:
Ես ոչնչացնում եմ աշխարհում ստեղծված մահաբեր միջոցները, մարդկանց հոգիներում բարության ու առաքինության սերմեր եմ ցանում, նրանց հոգիներից քամում եմ նենգությունը, չարությունը, փառասիրությունը: Նրանց դարձնում եմ իրար բարեկամ, հարազատ ու մտերիմ... 
Իմ երազներում ես արարիչ եմ, ամենազոր, անսխալական:
Իմ երազները հասարակ, հանճարեղ ու անմահ...
Իմ երազները, ավաղ, երազներ են միայն և ուրիշ ոչինչ:
Բայց ես ապրում եմ նրանցով, հավատում ու սպասում նրանց հարությանը:

No comments:

Post a Comment