14 August, 2015

ԻՄ ԱՍՏՂԸ

Գիշերային երկնքում հազարավոր աստղեր են փայլում, ասես աչքով են անում նայողին ու էլի հազար-հազարավոր աստղեր կամ թույլ նշմարվում, կամ երևում ու անհետանում են: Այդ հազարավոր աստղերի, այդ հազար-հազարավոր աստղերի մեջ մանկական հետաքրքրությամբ ես փնտրում եմ իմը, որ ծնվել է ինձ հետ, ապրելու է ինձ հետ և շողարձակվելով հեռանալու, վայր է ընկնելու այն ժամանակ, երբ ես հեռանամ այս աշխարհից...
Ահա այս մեկը. մերթ երևում, մերթ կորչում է տեսողությունից: Հիվանդ, վերջին շնչում ապրող մարդու աստղ է երևի և շուտով հանգչելու է իր տիրոջ հետ միասին: Այս մյուսը նույնպես թույլ է նշմարվում, անպայման ճակատագրով դատապարտված մեկի աստղն է...
Աստված իմ, ինչքան շատ և ինչքան տարբեր են այս աստղերը: Ահա այս մեկը, պայծառ փայլատակում է: Թերևս սա մեծ պաշտոնյայի կամ մեծ բախտի ու երջանկության տեր մարդու աստղ է:
Եվ այդ բազում աստղերի, այդ հազար-հազարավոր աստղերի մեջ փնտրում եմ իմը, ամենաշողշողունը հայտարարում եմ իմը, որոշում եմ նրա տեղն ու դիրքը մյուս աստղերի մեջ, որպեսզի ամեն անգամ նայելիս հեշտությամբ գտնեմ: Եվ հանկարծ, երբ ես սկսում եմ սիրել իմ աստղը, նա, երկար ու փայլուն մի հետագիծ թողնելով, գնում կորչում է հազարավոր, հազար-հազարավոր այդ աստղերի լաբիրինթոսում:
Ես տխրում եմ: Իմ աչքերում նույնիսկ արցունքներ են երևում: Գիշերն անքուն եմ անցկացնում: Ուրեմն դա իմ աստղը չէր, ուրեմն ես չեմ կարողանում ճանաչել և չգիտեմ` որ մեկն է իմը...
Այս վայր ընկնողը հավանաբար մեծահարուստ մարդու, թագավորի կամ նախարարի աստղ էր, որը հանկարծակի զրկվել էր փառահեղ կյանքից, երջանկությունից ու պաշտոնից...
Բայց ես ինչո՞ւ եմ տխրում: Չէ որ հավատում եմ իմ ճակատագրին, գիտեմ` հեռու-հեռավոր այս երկնակամարում կա, ապրում ու շարունակում է իմ բարի, իմ լույս-լուսավոր աստղը...

No comments:

Post a Comment