02 June, 2015

ԽԱՉՔԱՐ


«...Փախանք բոբիկ, փախանք անոթի, ծարավ, փախանք կռվելով, արուն թափելով, սպանվելով: Ջընըվար էր, ջընըվար չէր, գազան էր, գազան չէր, թուրք էր` էվելի էր թուրքացե ու կկոտորեր, կմորթեր, մեր ու էրեխա, պառավ ու ծոցվոր, ահել ու ջահել չէր հարցե...»:
Տալվորիկցի Գաբրիելը պատմում էր հանդարտ, բառերը երկարացնելով, պատմում էր անտարբեր դեպի իրեն լսողները, հայացքը հեռուն, ասես նորից նոր անցած դեպքերը, փորձությունները աչքերի առջև կրկնվում ու, սիրտը ցավեցնելով, դանդաղորեն հեռանում են:
Նրան լսողները, որոնք մեծամասամբ երեխաներ էին, կարծում էին, թե Գաբրիելը հեքիաթ է պատմում և հեքիաթն այդ ոչ թե հրաշապատում, այլ իրական է այնքանով, որ գործող անձերից մեկն էլ ինքն է: Նրա պատմածը, հիրավի, հեքիաթի նման հետաքրքիր էր, հեքիաթի նման գրավիչ և ունկնդիր երեխաները ուշադրությամբ հետևում էին դեպքերի, եղելությունների ընթացքին:
«Փախանք բոբիկ, փախանք անոթի, ծարավ...»: Ինչո՞ւ բոբիկ, ինչո՞ւ մերկ, անոթի ու ծարավ: Հետաքրքրությունն ավելի ու ավելի էր մեծանում: Եվ, մինչ երեխաները իրենց մտքում պատասխաններ էին փնտրում, նա «բոբիկ ու տկլոր, ծեծված ու ջարդված», արդեն հաղթահարել էր քարքարոտ, փոշոտ ու փշոտ ճամփաները և, ոտներն արյունլվիկ, հասել էր Արևելյան Հայաստան: Այստեղ էլ, սակայն, ճակատագիրը նրան հանգիստ չէր տվել: Դեռ ուշքի չեկած, կարգին շունչ չառած` Գաբրիելը հայտնվում է Ռուսաստանում, հասնում նրա հեռավոր խորքը, կրկին ստիպված է լինում ապրել սովամահ լինելու, անհետ-անհիշատակ կորչելու սարսափները: Ծանր փորձություններից հետո, այնուամենայնիվ, նրան հաջողվում է ողջ ու առողջ վերադառնալ հայրենակիցների մոտ և հանգրվան գտնել Թալինի Աշնակ գյուղում:
Տնավեր ու փախստական Գաբրիելի կյանքը, ինչպես նաև նրա նման շատ-շատերի, մի իսկական ոդիսական է եղել` լի փորձություններով, անակնկալ դեպքերով, դիպվածներով, անսպասելի լուծումներով: Դրանցից յուրաքանչյուրը մի հոգեցունց պատմության, մի վիպակի, վեպի նյութ կարող է դառնալ:
«Տեսա զիմ հարազատներ, բարեկամներ, ծանոթներ, առա զիմ կարոտ, հովացավ իմ սիրտ, վախ կորավ, հավատ ծնավ: Աշխարհ նորեն անուշացավ, մեռնելու ցանկությունը լը մեռավ..,- շարունակում է Գաբրիելը, թվում է, վերջ ու վախճան չունեցող իր պատմությունը:
Այո՛, հարազատները, համագյուղացիները, ծանոթ բարեկամներ շատ են օգնել նրան լավ տուն կառուցելու, լավ տուն դնելու, կյանքի լավագույն ընկերուհի գտնելու համար:
Անցել է բավական ժամանակ: Տունը լցվել է երեխաների ուրախ կանչով ու ծիծաղով: Մեծացել են երեխաները, սկսել են օգնել իրենց հորը, թեթևացրել անխոնջ աշխատող մարդու ծանր բեռը: Ծանր, մղձավանջային օրերը մնացել են հետևում, սակայն երբեք հիշողությունից չեն ջնջվել, չեն մոռացվել: Դրանք դարձել են պատմություն, մխացող ու երբեք չմարող ծանր հիշողություն: Կորցրած Էրգիրը, անուշ, անմահական ջրերը, թավ անտառներն ու բարձրագագաթ լեռները փոխվել են աչքերի առջևից երբեք չհեռացող երազների:
Անշառ մարդ էր Գաբրիելը, ինչպես ասում են ուրիշների «խերին ու շառին չխառնվող»:
Քայլում էր դանդաղ, ոտքերն այնպիսի զգուշությամբ էր դնում գետնին, որ նայողին կարող էր թվալ, թե հսկայական տարածքի վրա կա՛մ հարմար տեղ չկա, կա՛մ էլ չի ուզում որևէ միջատ, մրջուն տրորել: Չէր զայրանում, համենայն դեպս զայրույթ ասած բանը, կարծես, նրա համար գոյություն չուներ: Եթե ուզում էր որևէ մեկին անշնորհք արարքի, անվայել արտահայտությունների համար դիտողություն անել, ապա հնչում էր նրա ամենածանոթ, ամենաթթու խոսքը. «Հըլը հըյցի վըրեն»` հլա նայի վրեն:
Այս խոսքերի ազդեցությունը մեծ էր: Անկարգություն անողը իսկույն ներում էր հայցում կամ թողնում-հեռանում:
Նույն հանդարտ, խաղաղ բնավորությունն ունեին երեխաները: Կռվարար չէին: Ավելի շատ և ավելի շուտ կռվողներին հաշտեցնելու, քան կռիվ ու վեճ հրահրելու բնավորություն ունեին:
Երեխաները դպրոցում սովորում էին այնպես, ինչպես գյուղի հարյուրավոր երեխաները` աչքի չընկնելով ո´չ արտակարգ ընդունակություններով, ո´չ էլ թույլ ընկալունակությամբ: Բայց նրանք գերազանց, անբասիր վարք ունեին թե´ ընտանիքում, թե´ դրսում: Չափազանց ազնիվ էին և տնային բոլոր գործերում օգնում էին ծնողներին: Առանց շահադիտական նպատակների, առանց որևէ օգուտի ակնկալության, իրենց ուժի ու կարողության սահմաններում օգնում էին նաև հարևաններին, բարեկամներին, եթե պատահեր` նույնիսկ անծանոթներին:
Ահա այդպիսին էր Գաբրիելի ընտանիքը` իր առօրյա գործերով, հոգսերով, գյուղում ունեցած բարի անունով ու համբավով: Գաբրիելը, սակայն, ընտանեկան քաղցրությունը երկար չվայելեց: Մի տխուր օր, թողնելով զավակներին, կնոջը, հարազատներին, բարեկամներին, համագյուղացիներին, իր հետ «վերցնելով» այն, ինչ սովորաբար հանգուցյալները «վերցնում են» իրենց հետ, «մնաք բարով» ասելով, «արևը բաշխեց մնացողաց» և ընդմիշտ թողեց այս անցավոր աշխարհը:
Այս ամենի մեջ անսովոր, հետաքրքրություն հարուցող և հատուկ ուշադրության արժանի համարյա ոչինչ չկար: Կյանքի այդ արյունոտ ու քարքարոտ ճանապարհով անցել էին հազարավոր գաղթական հայեր, բռնության ու զրկանքի ենթարկված մի ամբողջ ժողովուրդ: Շատ քչերին է բախտ վիճակվել ապրել երջանիկ կյանքով, հասնել շռնդալից հաջողությունների, մեծ փառքի ու համբավի: Ընդունված կարգի համաձայն, Գաբրիելին հողին հանձնեցին, երկնային արքայություն ցանկացան ու բաժանվեցին: Ուրիշ էլ ի՞նչ... Թվում է` նրա համար ամեն ինչ ավարտվեց, վերջացավ, նրա համար` այո, իսկ հարազատների՞, առավելապես զավակների՞...
Գաբրիելի հուղարկավորման օրից անցել էր արդեն մի քանի տարի: Նրա անշուք շիրմաթմբի կողքին, հին ու նոր հանգուցյալների շիրիմներին, քանդակազարդ, շատ դեպքերում սև գրանիտի ու մարմարի վրա հանված լուսանկարներով, երբեմն ճարտարապետական ուրույն լուծումներով հուշարձաններ էին կանգնեցրել: Դրանք հետաքրքրություն առաջացնելուց, հարգանք ու մեծարանք դեպի մահացածը առաջացնելուց բացի, կապված էին մեծ ծախսերի, զոհողությունների հետ:
Արժանապատվություն ունեցող Գաբրիելի զավակները մեծ միջոցներ ու հնարավորություններ չունեին, իսկ անշուք շիրմաքարը նրանց ինքնասիրությունը բավարարել չէր կարող: Առանձնապես ծանր ապրումներ էր ունենում Հովհաննես որդին: Նա, որ միշտ պատրաստակամ էր օգնելու բոլորին, ֆիզիկական աշխատանքով սատար կանգնելու ընկերներին, այս դեպքում անզորությունից քիչ էր մնում լաց լիներ:
Ի՞նչ է սպասվում իր հոր գերեզմանին, եթե այդպես անուշադրության մատնված մնար էլի մի քանի տարի: Անձրևներից, հողմահարությունից կարող էր քայքայվել, գետնին հավասարվել և տեղն էլ չերևար, ինչպես մի քանիսինը այս գերեզմանատանը: Գնացել են հիմա, և հիշատակող մի քար, մի գիր անգամ չկար նրանց երբեմնի գոյությունը հաստատող: Եվ հաճախ է պատահում, որ նոր գերեզման փորելիս ոսկորներ երևան գան: Այո, մեկին թաղելու համար կարող էին մյուսին լույս աշխարհ հանել:
Ուրեմն հարկավոր էր որևէ բան ձեռնարկել, ինչ-որ ձևով հոր հիշատակը վառ պահել: Հովհաննես որդին հաճախ էր կանգնում հոր շիրմաքարի մոտ, երկար-երկար մտորում էր.
«Ումի՞ց էր պակաս իմ հայրը: Կյանքում ոչ մեկի վատություն չի արել, աչքը ուրիշի ունեցվածքին չի գցել, չի ստել, չի խաբել, չի կեղծել ու գողացել: Թեև դժվար, ծանր օրեր նրա համար անպակաս են եղել, սակայն մարդ մնալու, հպարտ մնալու բնական հատկությունները միշտ ամուր են մնացել, երբեք չեն սասանվել...»:
Հովհաննեսն ուզում էր հոր համար արժանի մի հուշարձան կանգնեցնել, այնպիսի հուշարձան, որ գոնե բամբասանքի, եթե չասենք ծաղրի տեղիք չտար, որ նայողը կարողանար փոքրիշատե հարգանքի զգացում ունենալ ոչ միայն դեպի հանգուցյալը, այլև դեպի հուշարձան կանգնեցնողները: Եվ անհանգիստ էր նա, ինչպիսի անհանգստություն ունենում են առաջին անգամ որևէ գործ ձեռնարկող մարդիկ: Վճռական քայլը կատարելուց առաջ վախենում էր, որ ուժը չէր բավականացնի և, ոչ միայն ուժերը, այլև գաղտնիքները, այլև փորձը, վարպետությունը, մասնագիտական կարողությունը: Իր մտահղացումները իրականացնելու համար ահա այսպիսի երկընտրանքի առաջ էր կանգնած նա: Սակայն մտորումները աստիճանաբար ձևավորվում, մարմին էին առնում, դառնում անճանաչ, անհաղթահարելի, դառնում էին համոզմունք ու հավատ: Այդ հավատն էլ վստահություն ներշնչեց նրան, որ կհասնի մտորումների իրականացմանը և ստիպեց դիմելու չափազանց հանդուգն քայլի:
Հովհաննեսը գերեզմանատուն բերեց կարմիր տուֆի մի հսկայական զանգված, կապեց գոգնոցը, առավ հատիչն ու մուրճը և անցավ գործի: Հարուստ երևակայության շնորհիվ մտքում քանդակի նորանոր ձևեր ու տարբերակներ էին ծնվում: Ծնվում էին ու մերժվում: Ի վերջո նա կանգ առավ այն տարբերակի վրա, որի մասին ավելի շատ էր մտածել, որը ավելի շատ էր հուզել, անհանգստացրել իրեն: Նրա այդ մտահղացումը կապված էր հոր պատմած մի տխուր, հիշողությունից երբեք չջնջվող, չմոռացվող դեպքերից մեկի հետ: Եվ հոր պատմածին էլ կենդանություն պարգևելուն ձեռնամուխ եղավ տակավին անփորձ երիտասարդը:
Լուսաբացներ մթնեցրեց քարազանգվածին կռացած, քարափոշի կուլ տվեց, ու քրտնքի կաթիլները մշուշեցին աչքերը: Ոչ այնքան ֆիզիկական, որքան մտավոր հոգնություն էր զգում.
«Իսկ եթե այն չստացվի՞, ինչ ես եմ ուզում, իսկ եթե չհավանե՞ն, եթե ծաղրե՞ն»,- մտածում էր նա: Բայց սկսած գործը կիսատ, թերի թողնելն իսկ անմտություն էր, նույնիսկ անճարակություն, վախկոտություն...
Սկզբում հետաքրքրասերները գլխի չէին ընկնում, թե ինչ է քանդակում երիտասարդ վարպետ-քարագործը, ինքն էլ ոչ մեկի չէր ասում. «Ո՞վ գիտե,- մտածում էր նա,- կարող է պատահել, որ սեփական ձեռքերով փշուր-փշուր անեմ, եթե, իհարկե, սրտովս չլինի...»:
Օրերն անցնում էին իրար հետևից, իսկ գործը դանդաղ, շատ դանդաղ էր առաջ գնում: Նրա մուրճը հատիչին իջնում էր չափազանց զգույշ, այնքան թեթև ու կամաց, որ երբեմն թվում էր, թե մուրճը հենց այնպես, աննպատակ է բարձրանում ու իջնում, առանց դիպչելու հատիչին: Իրականում մեծ նրբության այդ գործը պահանջում էր զգուշություն, արտակարգ ուշադրություն, առավել ևս շատ նուրբ հարվածներ:
Համակ ուշադրություն դարձած` քանդակում էր նա: Պրկված, շիկացած մատները քերում էին և հարթ դարձնում մանր անհարթությունները: Ամեն գիծ, ամեն զարդ ու անցում աստիճանաբար արդեն սկսում էին երևալ իրենց կատարելության մեջ, աստիճանաբար վստահություն ներշնչել իրեն: Լարված միտքն ու ձգված մկանները գործում էին զարմանալի ներդաշնակությամբ և դանդաղորեն առաջ էին տանում սկսած գործը:
Ծանր ապրումների, հուզումների ու անհանգստության բազում օրեր անցան: Երբ քանդակը` որպես մահարձան, ամբողջ փառահեղությամբ կանգնել էր Գաբրիել տալվորիկցու շիրիմին, գերեզմանատուն եկող մարդիկ հմայված նայում, խոսքեր չէին գտնում իրենց զարմանքն ու հիացմունքը արտահայտելու: Դա մի խաչքար էր երեք մետր բարձրությամբ` քանդակված ասեղնագործված ժանյակի նրբությամբ, գծերի ու նախշերի ներդաշնակ զուգորդումներով, ներդաշնակ ամբողջության մեջ և հպարտ իր դիրքով, կեցվածքով, իր վեհությամբ, ինչպես լեռնական սասունցին է, նրա ոգին ու էությունը: Խաչքարը անձեռակերտ մի կատարելություն էր թվում, որին կարող էին նախանձել շատ-շատերը այն մարդկանցից, որոնք մասնագետ են, կարող էին նախանձել ամենափորձառու վարպետներն անգամ:
- Ապրե՛ս, Հովհաննես,- ասում էին ծանոթները:
- Կեցցե՛ս, վարպետ,- ասում էին անծանոթները:
- Ձեռքդ միշտ դալար, այդպես շնորհքով մնաս, շնորհքդ ավելանա, շենանա: Կյանքդ միշտ լավը, գեղեցիկը ստեղծելով ապրես,- ասում էին բոլորը:
Իսկ Հովհաննեսը սրտից չէր կարողանում հանել հոր պատմած տխուր պատմությունը անտեր մնացած ու փշրված խաչքարի մասին, որ հանգիստ չէր տալիս ոչ պատմողին, ոչ էլ լսողներին, առավել ևս` որդուն.
«...Փախանք անոթի, փախանք բոբիկ ու տկլոր...»
Փախուստի այդ ճանապարհին էլ Գաբրիելը տեսել էր ավերված, փշրված հրաշքը: Եվ ամեն անգամ պատմելիս զգայուն երեխայի վրա չափազանց ծանր տպավորություն է թողել: Այդ էլ հենց նրա մոտ ծնել էր խաչքար քանդակելու գաղափարը:
«Կերթենք թաշկուգ, անոթի: Ընբես գեղներ, չընկ գըռնե քելե: Աչք մը գփագվեր ու քնուգ-քնուգ գերթենք»,- պատմում էր Գաբրիելը իրեն հատուկ դանդաղ, միապաղաղ ձայնով: Հոր ձայնը հնչել էր որդու ականջին վաղ մանկական տարիներից սկսած, հնչել էր մինչև չափահաս դառնալը, մինչև քանդակի մտահղացման օրը, երբ հայրը դեռ կենդանի էր:
«Անգամ մը ըմ ոտք դիբավ քըրին,- շարունակում էր իր պատմությունը Գաբրիելը: - Զաչս բանամ, ի՞նչ տեսնեմ, ըր լավ էղնի: Սիրուն, ծաղկավոր խաչքար մը: Ջարդեր են անօրեն թուրքեր, փշրե, էնէր են կտոր-կտոր ու թափե վըր ճամփուն: Դողաց ըմ մարմին, մղկտաց ըմ սիրտ, ըմ աչքեր արցունքով լցվան: Վերցի զըդ կտորտանք, բերեցի ճամփից դուրս, մեկիկ-մեկիկ հարմարցի, դրեցի վըր իրար: Էղավ առաջվա պես խորոտ, նայելուց մարդ չըր կըշտանե: Բըլե ծանր էր ուր վերք, անբուժելի ու փրկություն չկեր:  Հոգին ավեր էր, ու օր մը էդ կտորտանք կպոկվեն իրարե, կթափվին ցած...
Նստա ըդ տեղ քիչ մը լացի, քիչ մը մրմռացի, «Հե՜յ վախ, հե՜յ վախ» ըսի մտքիս մեջ,- տեսնաս` ի՞նչ մարդիկ ին էկե էս աշխարք, ի՞նչ մարդիկ ին կացե, ի՞նչ ին ստեղծե, ի՞նչ ին թողե, ինչքա՞ն աշխատանք ու քրտինք ին թափե: Հիմա էլ թուրք էկե զուր մունդառ, կեղտոտ ձեռքեր էրկնցէ էդ սրբություններուն, կավերը, կջարդը, կփշրը: Տեսնաս` զըդոնք մա՞րդ է ծնե, թը՞ գազան...»:
Գաբրիելը երևակայությամբ պատկերել է վանք, եկեղեցի ու բերդ կառուցող, խաչքար քանդակող մարդկանց:
Դրանք զարմանալի, հրաշագործ վարպետներ են եղել անկրկնելի իրենց գործերով, անհասանելի իրենց շնորհքով ու տաղանդով:
«Ի՞նչ մարդիկ ին էս աշխարհք էկե, ի՞նչ մարդիկ ին կացե…»- զարմացած խորհել է մտքում ու աղի արտասուք թափել անօրենների ձեռքով ավերված ամեն շինության, փշրված խաչքարի ամեն բեկորի համար:
Հիշում է Հովհաննեսը հոր պատմությունը, հիշում է, երբ առիթ է լինում, երբ մենակ իր մտքերի հետ է լինում և ամեն անգամ հիշելիս կորցրածի անդառնալի լինելու ցավը հանգիստ չի տալիս իրեն.
«Զըդ խաչքարի կտորտանք մեկիկ-մեկիկ դրեցի վըր իրար...»:
Եվ որոշել էր Հովհաննեսը հուշարձան կանգնեցնել իր հոր ու փշրված խաչքարի անանուն վարպետի հիշատակին:

No comments:

Post a Comment